Մատչելիության հղումներ

«Ենթադրում ենք՝ հատուկ են արել, որ խոսեն, լսեն». Մայր Աթոռի երկու արքեպիսկոպոս՝ ԱԱԾ շենքի նույն բանտախցում


Մայր Աթոռի երկու արքեպիսկոպոս Ազգային անվտանգության ծառայության շենքի ներքնահարկում են, նույն բանտախցում. Միքայել սրբազանի պաշտպանական թիմում ենթադրում են՝ թե ինչու. - «Ենթադրում ենք, որ հատուկ են արել, որ խոսեն, լսեն»:

Շաբաթ առավոտյան դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Շիրակի թեմի առաջնորդը տեղափոխվեց կալանավայր: Նրա դեմ հարուցված քրեական գործի հիմքում հայտարարություններ են ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին, դրանք արքեպիսկոպոսը կրկնել է գրեթե տարին մեկ պարբերականությամբ: Դատախազությունն ընտրել է 24 թվականի հարցազրույցը:

«Միքայել Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն», - ասված է հայտարարությունում:

Արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական թիմում պնդում են՝ ապօրինի, շինծու, անհիմն գործ է, ռազմական հեղաշրջման մասին 23 թվականին սրբազանը խոսել է, իրավապաշտպան Իոաննիսյանը դիմել է դատախազին և այդտեղ գտել են , որ հանցագործություն չկա, հիմա պարզվում է՝ կա հանցագործություն, փաստաբան Երեմ Սարգսյանը վստահ է՝ դատախազը վերաբերմունքը փոխել է վարչապետ Փաշինյանին հակաեկեղեցական արշավի շրջանակներում:

«Քանի դեռ վարչապետը չէր թիրախավորել հոգևորականներին, սա նորմալ էր, որևէ հանցագործություն չկար, հենց թիրախավորեց, միանգամից վերածվեց հանցագործության», - ասաց Սարգսյանը:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ դատախազությունը հաղորդում է ուղարկել հենց այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանն իր գրառմամբ հենց Միքայել սրբազանին էր անդրադարձել. - «Մեր իրավապահները վատ սովորություն ունեն, տեսնում են՝ ինչ է ցանկանում վարչապետը, փորձում են միանգամից էդ բոլոր ցանկությունները իրականություն դարձնել»:

Այն, ինչ պարբերաբար ասել է արքեպիսկոպոսը, զինված հեղաշրջման կոչ չէ, ասում են փաստաբանները, վկայակոչում Սահմանադրական դատարանի մեկնաբանությունը, որում այդ կոչը պետք է լինի գործողության հրավեր, նախապատրաստություն:

Դատախազության տարածած հաղորդագրությունում կարդում ենք, որ արքեպիսկոպոսի այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից ահաբեկչության նախապատրաստությունների համատեքստում, նոր լույսի ներքո՝ իրավական եզրույթ չկա, հակադարձում են փաստաբանները:

Պաշտպանները ենթադրում են, որ Աջապահյանին էլ են գաղտնալսել, ոչինչ չեն գտել և նոր քրեական գործի համար հին հարցազրույցի օգնությանն են դիմել: Արա Զոհրաբյանը շեշտում է՝ արքեպիսկոպոսներ Աջապահյանն ու Գալստանյանը հոգևոր եղբայրներ են, բայց Միքայել սրբազանը քաղաքական շարժման հետ կապ չունի: Վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը այս քրեական գործերով ցանկանում է եկեղեցին ներկայացնել որպես անբարո, ահաբեկչական կառույց, ներս մտնել ու փոխել կաթողիկոսին: Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ հաղորդում են պատրաստում հանցագործության մասին, վարչապետի դեմ՝ վստահ են սահմանադրական կարգի տապալմամբ է զբաղված:

Վարչապետն այսօր Ազգային անվտանգության ծառայությունում էր՝ ներկայացնելու կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Այստեղ նա խոսել է նաև հիբրիդային մարտահրավերների մասին, ազդեցության գործակալների թիրախում Հայաստանի ինքնիշխանությունն է, հայտարարել է Փաշինյանը, խոսել նաև ենթադրաբար Միքայել սրբազանին վերաբերվող քրեական գործի մասին:

«Բոլոր այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ հայտարարությունները չեն կրում սպոնտան բնույթ, էմոցիոնալ բնույթ ու հատում են Քրեական օրենսգրքի սահմանները, բոլոր այդ դեպքերում Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը պետք է արձագանքի, նաև Ազգային անվտանգության ծառայությունը որպես սահմանադրական կարգի պահպանության ոլորտում լիազոր պետական մարմին պետք է շատ էֆեկտիվ, արագ արձագանքի», - ընդգծեց Փաշինյանը;

Վարչապետը ծառայության աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել մատուցած ծառայությունների համար:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG