Մատչելիության հղումներ

Գյումրիում արձագանքում են թեմի առաջնորդի կալանավորմանը ու հիշում՝ «սրբազանը բանտում Փաշինյանին էլ էր այցելել»


Շիրակի առաջնորդարանը
Շիրակի առաջնորդարանը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը Գյումրիում մի քանի կոնկրետ բառերով են բնոշորում՝ «ահավոր է, անարդար է, խայտառակություն»:

«Անպատվություն է, ազգային վիրավորանք ու հիասթափություն»,- նշեց գյումրեցիներից մեկը:

Մայր աթոռում իրավապահների երեկվա գործողություններից ու թեմի առաջնորդի կալանավորումից հետո այսօր տեսախցիկի առաջ շատերը խուսափում էին խոսել: Ոմանք էլ, չցանկանալով տեսանկարահանվել, տեսախցիկից այն կողմ թեմի առաջնորդի ձերբակալությունը «շոու» էին որակում, իսկ կալանավորումն՝ անարդար:

Երեկոյան սուրբ Յոթվերք եկեղեցում ժամերգություն էր: Առաջնորդարանի դռները բաց էին, բայց թեմի առաջնորդի կեցարանը, որտեղ երեկ խուզարկություն էին արել ու Աջապահյանի համակարգիչն առգրավել, փակ էր: Տեր Նշան քահանա Պանֆյորովը երեկ ամբողջ օրը Մայր Աթոռում սրբազանի կողքին էր: Նրա համար երեկվա իրադարձությունները սպասելի էին:

Տեր Նշան քահանա Պանֆյորով
Տեր Նշան քահանա Պանֆյորով

Տեր Նշանն ընդգծում է՝ վերջին օրերին կալանավորված երկու արքեպիսկոպոսները առաջին կալանավորված եկեղեցականները չեն հայոց եկեղեցու պատմության մեջ: Դրանով, ըստ նրա, իշխանությունները փորձում են վախ սերմանել. - «Էն մարդկանց, որոնք փորձում են գլուխ բարձրացրացնել ու իրենց գործողություններին հակառակ խոսել, բոլորին վախեցնելու մեսիջ էր: Բայց դա չի ստացվի»:

«Բանտում Փաշինյանին էլ է այցելել»

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, շուրջ քառորդ դար առաջնորդելով Շիրակի թեմը, բոլոր իշխանություններին է քննադատել՝ հաճախ անխնա: 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո թերևս միակ թեմի առաջնորդն էր, ով այցելում էր բանտերում հայտնված մարդկանց ու նրանց հացուդուլները դադարեցնում: Տեր Նշանը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանին էլ է սրբազանը Արթիկի բանտում այցելել. - «Ինքը հո՞ լավ գիտի..., իր տիկինն էլ է եկել, հանդիպել սրբազանին: Բայց դե երախտամոռ մարդիկ են»:

Տեր Նշանը ասում է՝ ճաղերից այն կողմ էլ սրբազանը շարունակում է ղեկավարել թեմը: Թերևս միակ լավ բանն, ըստ քահանայի, այն է, որ արքեպիսկոպոսն ի վերջո ժամանակ կունենա հանգստանալու:

Մանրամասները «Ազատության» տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG