«Ազատության» ուղիղ հեռարձակումը Մայր Աթոռից.
11:50
«Ինչ կատարվում է, բացարձակ ապօրինություն է, բայց ես երբեք չեմ թաքնվել և հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվելու։ Չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել: Եկել են իմ հետևից, ես կգնամ: Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած»,- Մայր Աթոռում հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նա ասաց, որ հոգևորականները կհետևեն իրեն:
11:40
Իրավիճակը Մայր Աթոռում լարված է: Վեհարանի մոտ քաշքշուկ սկսվեց տեղում հավաքված հոգևորականների և ուժայինների միջև:
ԱԱԾ աշխատակիցներն այս պահին վեհարանում են:
11:27
Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառման մեջ շեշտել է, որ «Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու»:
«Բոլորս Մայր Աթոռում ենք: Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիակը», - գրել է նա:
Քիչ առաջ այստեղ են ժամանել ԱԱԾ աշխատակիցները:
11:17
Հոգևորականները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ արեցին դուրս չգալ Մայր Աթոռից։
«Թող գան, բոլորիս տանեն»,- ասացին նրանք։
11:05
Քննչական գործողությունների Շիրակի առաջնորդարանում ավարտվեցին, քննիչները առգրավված նյութերով հեռացան:
11:00
Փաստաբան Արա Զոհրաբյանը քիչ առաջ Մայր Աթոռում հավաքվածներին, այդ թվում՝ Շիրակի թեմի առաջնորդին ներկայացրեց նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի մանրամասները. «Ներկայացվում է ՔԿ քննիչի որոշում, որի համաձայն պետք է Միքայել սրբազանին ձերբակալեն՝ կալանավորման ներկայացնելու նպատակով: Այս քրեական գործը հարուցվել է ՆԳՆ ոստիկանության վարչության կողմից ստացված հաղորդման հիման վրա հունիսի 17-ին, առիթը նշված է 2024թ. փետրվարի 3-ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել սրբազանի խոսքերին»:
Նշենք, որ այստեղ է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը:
10:56
Միքայել սրբազանն այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է, որտեղ հավաքված են նաև բազմաթիվ հոգևորականներ:
10:47
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արսեն Ոսկանյանը պնդեց, որ դատարանի որոշում կա՝ խուզարկություն ու քննչական գործողություններ իրականացնելու համար: Չնայած Արտաշես սարկավագ Աջապահյանը պնդեց, որ ներսում աշխատակիցներից և հոգևորականներից ոչ ոք չկա, բայց Արսեն Ոսկանյանը հակառակի մասին հայտնեց:
10:45
Փաստաբան Թամարա Յայլոյանն ահազանգում է, որ ԱԱԾ -ն, այսօր «խախտելով ՀՀ քրեական դատավարության կանոնները», իրեն թույլ չի տվել ներկա գտնվել Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի ունեցող խուզարկությանը, չնայած նրան, որ ինքը տեղեկացրել է՝ սրբազանի պաշտպանն է:
10:20
Արտաշես սարկավագ Աջապահյանը ուղիղ եթերում պնդեց, որ Ոստիկանությունը Էջմիածին՝ վեհարան է գնացել Միքայել սրբազանի հետևից:
10:15
Ոստիկանությունը բերման ենթարկեց ներկաներից Մհեր Խաչատրյանին: Նրան հորդորում էին անցնել փողոցի մյուս մայթ, իրավիճակը լարվեց:
09:29
Իրավապահներն այս պահին Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացնում: Դուռը փակ է, դրսից ոստիկաններ են հսկում:
Միքայել սրբազանը, ինչպես «Ազատությանը» փոխանցեց քահանաներից մեկը, առաջնորդարանում չէ: Այստեղ ժամանած փաստաբան Թամարա Յայլոյանին, առաջնորդարանի աշխատակիցներին չթողեցին շենք մտնել:
Առաջնորդարանի մոտ նաև գյումրեցիներ են հավաքվել:
Գլխավոր դատախազությունը երեկ տեղեկացրեց՝ մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ հեղաշրջում անելու կոչի համար: Դատախազությունն այլ տեղեկություն չի տրամադրել, նաև չեն հստակեցրել, թե կոնկրետ որ հայտարարությունն են հիմք վերցրել: