ՀԷՑ-ը հոսանքազրկումների դեպքում այսուհետ նաև տեղեկացնելու է, թե կոնկրետ ում պատասխանավտության տիրույթում է եղել խնդիրը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը հայտարարում է՝ հոսանքազրկումների դեպքում այսուհետ նաև տեղեկացնելու է, թե կոնկրետ ում պատասխանավտության տիրույթում է եղել խնդիրը. իրե՞նց, թե՞ օրինակ պետության պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցերի»:

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ իշխանությունները նրան պատկանող ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին հայտարարեցին. մի քանի օրվա ընթացքում հասցրին նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակել, որով նաև կարող են ժամանակավոր կառավարչի հանձնել ընկերության կառավարումը, եթե պատշաճ չկատարեն իրենց պարտականությունները: Այն վաղը մեկնարկող խորհրդարանի արտահերթ նիստում կքննարկվի:

Ընկերությունը պնդում է՝ դիմադրելու են: Այս ամենն ուղեկցվում է ընկերության հասցեին իշխանականների տարաբնույթ մեղադրանքներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու հարցում չի զիջելու». ընկերության տնօրենի ԺՊ-ն գործընթացը քաղաքական է համարում

Նախորդ շաբաթավերջին, երբ ամպրոպի նման պայթեց իրավապահների Մայր Աթոռ մտնելու նորությունը, դարձյալ ՀԷՑ-ի անունն էր շրջանառվում: Հենց նույն ժամերին մայրաքաղաքում զանգվածային հոսանքազրկումներ էին: Իշխանամերձ շրջանակներից շտապեցին հոսանքի անջատումը ընդդիմության այսպես կոչված «հեղաշրջման պլանի» հետ կապել, թե ընկերությունը դիտմամբ է այն անջատել:

Իշխանությունների թիրախում հայտնված ՀԷՑ-ից պարզաբանեցին՝ հոսանքազրկման պատճառն ամենևին էլ իրենք չէին, վթար էր եղել պետությանը պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» ենթակայաններից մեկում: Եթե պարզ՝ ՀԷՑ-ն այս դեպքում, ըստ էության, միջնորդի կամ վերավաճառողի դեր ունի, ենթակայանից ստացածն հոսանքն են այնուհետև բնակարաններ հասցնում:

ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնակատարն այսօր ասուլիս էր հրավիրել ու նաև այս հարցերը պարզաբանեց. - «Այսինքն, եթե «Շահումյան 2» ենթակայանը չի աշխատում, մենք էնտեղից հոսանք չենք կարողանում վերցնել, որի արդյունքում դրանից սնվող բոլոր բաժանորդները մնում են հոսանքազուրկ»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» ենթակայանում վթարի մասին պնդումներին ավելի քան երեք օր է չի արձագանքել: Օրինակ՝ մեկ ամիս առաջ, երբ Երևանում դարձյալ հոսանքազրկումներ էին, ընկերությունը պնդել էր՝ իրենց ենթակառուցվածքներում վթարներ չեն եղել, այս անգամ քար լռություն:

Այս իրադարձություններից մեկ օր առաջ էլ կառավարության նիստի ընթացքում՝ վարչապետ Փաշինյանի շուրթերից ՀԷՑ-ի հասցեին մեղադրանք հնչեց. մոլի բացմանն է մասնակցել, որի ընթացքում հոսանքն անջատվել է. - «Պատկերացնո՞ւմ եք մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել, համենայն դեպս ինձ տենց ասեցին և չեն կարողանում բացման արարողություն անել նորմալ, անընդհատ խոսում ենք՝ ներդրումային միջավայրի բարելավում և այլն. Էստեղ երկու տարբերակ կա, իհարկե, մի տարբերակն այն է, որ մաքուր սաբոտաժ է արվել, մյուս տարբերակն այն է, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ, երկու դեպքում էլ իրանք բոլոր գծերն անցել են...»:

ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը պնդում է՝ նորաբաց մոլի էլեկտրամատակարարումն իրենց տիրույթում չէ. շենքը երկու այլ կազմակերպությունների հոսանքի գծերով է սնուցվում. - «Որևիցե կապ չունենք, երկու կողմից սնուցում ունի, մեկը ՊԵԿ-ի նախկին պաշտպանության նախարարության շենքից, մեկը «Կարիտաս» գծից, բերել է համաձայնություն տվյալ սեփականատերերից, որ իրենք համաձայն են իրենց մոտ թույլատրված հզորության նվազեցումով, այսինքն, իրենց ունեցածից այսքան «տալիս ենք այս մոլին, համաձայն ենք, որ միանա մեր ենթակայանին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, գործընթացը մի փուլով չի լինելու. Փաշինյան

Պետությանը պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցերում» այս վթարը եզակի չէր. 2024-ի դեկտեմբերին ընկերությանը պատկանող «Զովունի» ենթակայանում վթարի հետևանքով ժամեր շարունակ հոսանք չեն ունեցել Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների տարբեր թաղամասեր։ Ըստ կառավարության այդ վթարը գրանցվել էր 17:55-ին, սակայն, այդ մասին հայտարարությունն արվել էր ավելի քան 3 ժամ անց: Նախարարության այդ հրապարակման տակ քաղաքացիները խիստ դժգոհ մեկնաբանություններ են:

Եթե պետությանը պատկանող ընկերությունում վթարը վերացնելու համար այսքան ժամանակ է պահանջվում, ի՞նչ կլինի, եթե, ի վերջո, նաև ՀԷՑ-ը, այսինքն հոսանքի բաշխիչ ցանցն էլ անցնի պետության կառավարմանը: Հնարավոր վթարների դեպքում կստացվի՞ խնդիրներն արագ լուծել, թե՞ ուղիղ հակառակ պատկերը կլինի: Ընկերության պետականացման մասին հայտարարություններ անող պաշտոնյաները տեխնիկական հարցերի մասին առայժմ քչախոս են:

Մինչ Սամվել Կարապետյանի կալանավորումը իշխանական շրջանակները շատ ավելի կառուցողական էին արտահայտվում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վերաբերյալ. շաբաթներ առաջ, օրինակ, Երևանի քաղաքապետարանն էր ազդարարում ՀԷՑ-ի ծրագրերը:

Իսկ արդեն այսօր նույն քաղաքապետարանը «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հեռացնում էր ՀԷՑ-ի սեփականատիրոջ լուսանկարով պաստառը՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ: Պնդում էի՝ օրենք են խախտել: Նույնը կատարվել էր նաև անցած շաբաթ՝ ռուսաստանաբնակ միլիարդատիրոջը պատկանող մեկ այլ առևտրի կենտրոնի տարածքում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի գործունեության իր վերջին՝ 2023-ի զեկույցում դրական էր գնահատել հոսանքի անջատումների կրճատման ուղղությամբ ընկերության քայլերը: 2024 թվականի զեկույցը դեռ հասանելի չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքապետարանը «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հեռացնում է Սամվել Կարապետյանի պաստառը