Մատչելիության հղումներ

Պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, գործընթացը մի փուլով չի լինելու. Փաշինյան


Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որով կառավարությունը փաստացի մտադիր է վերցնել ՀԷՑ-ի կառավարումն իր ձեռքը: Գործադիրի այսօրվա նիստում վարչապետը հայտարարեց՝ գործընթացը մի փուլով չի լինելու:

«Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ ՓԲԸ կառավարումը, և հետագա գործընթացները պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ և արդյունավետ իրականացնենք: Իհարկե, հարցը քաղաքական մակարդակով մենք քննարկել ենք», - ասաց նա:

«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից և նրա ձերբակալությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ը պետականացնելու են: Այժմ խորհրդարանում իշխող խմբակցության անունից շրջանառության մեջ է դրվել «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների փոփոխությունների փաթեթ: Դրանց ընդունման դեպքում, ըստ վարչապետի, ՀԷՑ-ի կառավարումը կանցնի գործադիրին:

«Արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն, և շատ արագ, ես կարծում եմ, որ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա, դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, կառավարությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը, և այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում», - նշեց վարչապետը:

Գործող կարգավորումներով՝ լիցենզավորված ընկերության նկատմամբ վարույթ հարուցվելու կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքերում փաստացի չեն նախատեսվում երաշխիքները, որոնք կապահովեն նման դեպքերում կրիտիկական ենթակառուցվածքների բնականոն և անխափան գործունեության շարունակականությունը:

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը, լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառուներ իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև սահմանել կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարգն ու առանձնահատկությունները:

Հանրային ծառայությունների ոլորտում հնարավոր իրավախախտման վերաբերյալ բողոքները, ըստ գործող կարգի, քննվում են երեսնօրյա ժամկետում: Իշխանության նախաձեռնած փոփոխություններով առաջարկվում է կառավարության իրավասու գերատեսչության դիմումի հիման վրա ոչ ուշ, քան հաղորդումը ստանալուց հետո հինգօրյա ժամկետում հարուցել վարչական վարույթ:

Հարցին, թե եթե պարզվի, որ լիազոր մարմնի հաղորդումը համապատասխանում է իրականությանը, որը կլինի ՀԾԿՀ-ի գործառույթը, հանձնաժողովի ղեկավար Մեսրոպ Մեսրոպանն ասաց. «Դա կհանգեցնի լիցենզիայից զրկման ՀԷՑ-ի: Մենք օրենքով չունենք այդ լիազորությունն այն արագությամբ և այն ձևով, որով պետք է այդ հարցը կարգավորվի»:



Իսկ լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով հանձնաժողովը մինչև գործունեության նոր լիցենզիա տալը իրավունք ունի համապատասխան որոշմամբ լիցենզիայից զրկված ընկերության գործունեության իրականացումը պատվիրակել ժամանակավոր կառավարչին:

Նիկոլ Փաշինյանն այսօր նաև հայտարարեց՝ թե՛ ՀԷՑ-ի, թե՛ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում ռազմավարական նպատակ ունեն, որ քաղաքացիներն իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել: Արդյոք այս փակ բաժնետիկական ընկերությունները բաց բաժնետիրական ընկերություններ դարձնելու մասին էր ակնարկում՝ վարչապետը չհստակեցրեց:

XS
SM
MD
LG