Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեցին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Կալլասն ասաց՝ այս հիմնական ուղերձով է եկել Երևան:
«Ես այստեղ եմ հստակ ուղերձով՝ Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա», - հայտարարեց ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Հայտարարվեց նաև, որ Հայաստանի և Եվրամիության միջև տրվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը, որ ստորագրվել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու համաձայնագիրը, և որ Հայաստանն ու Եվրոպական միությունը ավարտել են Նոր գործընկերության օրակարգի շուրջ բանակցությունները:
«Ուրախ եմ հայտնել Նոր գործընկերության օրակարգի շուրջ քաղաքական համաձայնության մասին, որը սահմանում է մեր առաջնահերթությունները տնտեսական զարգացման, անվտանգության և դիմակայունության ոլորտներում: Եվրամիությունն այս նպատակով տրամադրում է 270 միլիոն եվրո 2024-2027 թվականների համար», - նշեց Կայա Կալլասը:
Արդյոք Հայաստանը կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից լրացուցիչ աջակցությունը: Հայաստանն անցած տարի առաջին անգամ ստացավ 10 միլիոն եվրո գումար, բայց՝ մեծ դժվարությամբ. երկար ժամանակ Հունգարիան դեմ էր, վետո էր կիրառում, սակայն բանակցություններից հետո ի վերջո հաջողվել էր հաղթահարել Բուդապեշտի դիմակայությունը: Այս մարտին էլ հենց Կայա Կալլասն էր հայտարարել, որ Եվրամիությունը դիտարկում է նույն հիմնադրամից Հայաստանին ևս 10 մլն եվրոյի օժանդակության տրամադրումը: Ի՞նչ փուլում է գործընթացը, և արդյոք դարձյալ Հունգարիան վետո է կիրառում:
«Եվրոպական միությունը 27 ժողովրդավարական պետություններ են, և դա բարդացնում է որոշումների ընդունման գործընթացը, սակայն ի վերջո մենք միշտ հանգում ենք որոշումների: Երբեմն մի երկիր կարող է արգելափակել, ու հաճախ հենց մի երկիր էլ արգելափակում է, բայց երբեմն այլ երկրներ էլ իրենց տեսակետն են բարձրաձայնում: Սա շարունակական գործընթաց է, և մենք փորձում ենք լուծումներ գտնել: Այնպես որ, այո, մենք դեռ որոշման չենք հասել, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ լուծում գտնելու ուղղությամբ», - հայտարարեց ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Ըստ Կայա Կալլասի՝ Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել են նաև Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի շուրջ զարգացումները, մասնավորապես՝ Ռուսաստանի հիբրիդային գործողությունները բոլոր հարևան երկրներում:
«Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարությանն ու ազատություններին առանցքային է, և այս արժեքները պետք է պաշտպանվեն, հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և արտաքին միջամտությունների պայմաններում; Այս կարևոր պահին ուրախ եմ հայտարարել, որ մենք անկախ մամուլի համար զգալի ֆինանսավորում կապահովենք, որ նրանք Հայաստանում պահպանեն իրենց գործունեությունը՝ սատարելով ժողովրդավարությանն ու դիմակայունությանը», - ասաց ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Հարց հնչեց նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ՝ Հայաստանի իշխանությունների ու եկեղեցու միջև հակամարտության մասին: Լավրովը նշել էր, որ դա իհարկե Հայաստանի ներքին հարցն է, բայց «հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են»: Արարատ Միրզոյանն ասաց, որ իր գործընկերոջ տեղեկատվությունը ճիշտ չէ, եկեղեցին ու Հայաստանի իշխանությունները պայքարի մեջ չեն:
«Էն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը խառնվելու, քաղաքական գործընթացներին մասնակցելու և, համաձայն արդեն մեր իրավապահ մարմինների, ոչ իրավական ձևով էդ մասնակցություն ունենալու ցանկության, այն է, եթե ավելի ուղիղ ասենք, ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ նախաձեռնելու էդ դեպքը: Եվ կրկին ուզում եմ ընդգծել՝ սա իրավական պրոցես է և սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, ինչպես Դուք մեջբերեցիք իրավացիորեն, պարոն Լավրովը ավելի լավ է չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին և ներքին քաղաքականությանը», - ընդգծեց ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանն ու Կայա Կալլասը բանակցությունների ընթացքում անդրադարձան նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին: : Եվրամիության բարձր ներկայացուցիչն ասում է՝ Բրյուսելը ոգևորված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացով և կցանկանար որքան հնարավոր է շուտ տեսնել գործընթացի վերջնականացումը: Խաղաղությունն ու կայունությունը նաև իրենց շահերից է բխում, օրինակ՝ Եվրամիությունը և Կենտրոնական Ասիան կապելու տեսակետից:
«Մենք աջակցում ենք երկու երկրների միջև կարգավորմանը՝ հիմք ընդունելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիության սկզբունքները, այլընտրանք չկա այս սկզբունքներին», - հայտարարեց Կալլասը:
Ադրբեջանական խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ, սակայն այդ հայտարարությանն այլ գործողությունների չհետևեցին, Ադրբեջանը շարունակեց իր նախապայմանները պնդել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ու Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ:
Հայաստանի արտգործնախարարությունը, մինչ այս, հայտարարում է, որ ադրբեջանական կողմի հետ շփումների մեջ են: Թե ինչի՞ շուրջ են շփումները, և պայմանագրի համաձայնեցումից հետո ի՞նչ փուլում է գործընթացը, Արարատ Միրզոյանն ասաց՝ Ադրբեջանի առաջ քաշած հարցերը չեն կարող նախապայման լինել, իրենք բազմիցս հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը Ադրբեջանի առաջ քաշած երկու մտահոգություններն էլ փարատում է, և շփումները հենց այդ մասին են:
«Եվ ես հույս ունեմ, որ ի վերջո այդ շփումները, այդ բանակցությունները կհանգեցնեն և՛ պայմանագրի ստորագրմանը, և՛ մնացած մյուս հարցերի լուծմանը», - նշեց Միրզոյանը: