Հայաստանում Իրանի դեսպանը չի բացառում, որ Իսրայելը Իրանին հարվածներ հասցնելիս օգտվել է Ադրբեջանի տարածքից: Այսօր Մամուլի ազգային ակումբում Մեհդի Սոբհանին շեշտեց՝ հետախուզական տվյալների հիման վրա Թեհրանը դիմել է Բաքվին:
«Մենք տեղեկություն ստացանք, ըստ որի, փոքր քանակությամբ ԱԹՍ - ներ հարևան երկրների կողմից մեր տարածք են մտել: Այդ պատճառով Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Ալիևից, որպեսզի լուրջ հետաքննություն անցկացվի այդ ուղղությամբ: Կսպասենք՝ տեսնենք, թե այդ հետաքննության արդյունքներն ինչպիսին կլինեն, որից հետո որոշում կկայացնենք, թե ինչպես արձագանքել», - հայտարարեց Մեհդի Սոբհանին:
Իրանի դեսպանն ընդգծեց՝ «հնարավոր է և հավանական է, որ թշնամի սիոնաիստական ռեժիմը այդ հարևան երկրի տարածքից օգտված լինի»: Միաժամանակ հիշեցրեց՝ ադրբեջանական կողմը վստահեցրել էր, թե թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի այդ ուղղությամբ»:
Դիտարկմանը, թե Իրանը շատ ուժեղ հետախուզություն ունի տարածաշրջանում, և հետևաբար հնարավո՞ր է, որ նկատած չլիներ, որ հարձակումը Ադրբեջանից է եղել, դեսպանը պատասխանեց. - «Հենց մեր հետախուզական համակարգի կողմից է եղել, որպեսզի իրանական կողմը դիմի Ադրբեջանին այդ հետաքննությունը իրականացնելու համար: Մենք կսպասենք պաշտոնական աղբյուրների հայտարարությանը»:
Բաքուն «կտրականապես մերժել է» Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունները՝ Իրանի դեմ ադրբեջանական տարածքի ենթադրյալ օգտագործման մասին, դրանք որակելով «անհիմն և սադրիչ»։
«Այդ մեղադրանքները վնաս են հասցնում ադրբեջանա-իրանական հարաբերություններին, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու վրա», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։
Այհան Հաջիզադեն պնդել է, թե Ադրբեջանի նախագահը իրանցի գործընկերոջ հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ «պատշաճ բացատրություններ է տվել, նույնն է արել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում։ «Մենք Իրանի դեսպանի մեղադրանքները համարում ենք բացահայտ սադրանք>,-ասել է նա։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը միաժամանակ նշել է, թե Բաքուն ակնկալում է, որ իրանական կողմը «կկանխի այնպիսի քայլերը, որոնք չեն համապատասխանում մեր հարաբերությունների ոգուն, ինչպես նաև կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ դեսպանի հայտարարությունների վերաբերյալ, ով իր երկիրը ներկայացնելու փոխարեն պարբերաբար ցուցաբերում է հայամետ դիրքորոշում»։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեկ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում հորդորել էր Իլհամ Ալիևին մանրակրկիտ հետաքննել հաղորդումները, որոնց համաձայն՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը և ինքնաթիռները կարող էին Իրանի օդային տարածք մտնել Ադրբեջանի տարածքով։ Ալիևը հերքել էր այդ պնդումները, ասելով, թե իր Ադրբեջանն թույլ չէր տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ:
Չնայած Ադրբեջանից հնչող հավաստիացումներին, իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով պաշտպանության ոլորտի անանուն մի պաշտոնյայի, երեկ հաղորդել էին, որ իսրայելական զինված ուժերը պատերազմի ընթացքում գործել են Իրանին «մոտ» մի երկրում՝ առանց հստակեցնելու, թե որ երկրի մասին է խոսքը։
Վերջին շրջանում Բաքուն և Թել Ավիվը սերտացրել են իրենց համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում: Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ միայն 2016-ից 2020 թվականները Ադրբեջան ներմուծված զենքի շուրջ 70 տոկոսը իսրայելական արտադրության է: Խորացող այս կապերը Իրանում վաղուց արդեն անհանգստության պատճառ են դարձել:
Պաշտոնական Բաքուն, սակայն, այսօր էլ շտապել է հերքել, թե իսրայելական անօդաչու թռչող սարքերը Իրանի օդային տարածք էին մտել Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերն ընդունելու ժամանակ նախագահ Ալիևը անհեթեթություն է որակել այդ պնդումները:
«Որոշ շրջանակներ կեղծ լուրերի և ստի վրա հիմնված տեղեկատվություն են տարածում՝ վնասելով Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը:
Չնայած Բաքվից հնչող հավաստիացումներին՝ պաշտոնական Թեհրանը հետաքննության արդյունքներին է սպասում: Արդյոք Ադրբեջանի տրամադրած տվյալները արժանահավատ կլինե՞ն Թեհրանի համար. Հայաստանում Իրանի դեսպանն այսօր ուղիղ պատասխան չտվեց՝ ասելով, թե պետք է սպասել:
«Արևմտյան Ադրբեջանը Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար». Սոբհանի
Ի դեպ, իրանցի դիվանագետը անդրադարձավ նաև Հայաստանի ինքնիշխան տարածքը «Արևմտյան Ադրբեջան» որակող Բաքվից հնչող հայտարարություններին՝ հակադարձելով. - «Արևմտյան Ադրբեջան անվանումը, որն օգտագործվում է, Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անունն է և այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածքի համար, հատկապես եթե այն ենթադրում է տարածքային պահանջ, հատկապես Հայաստանի նկատմամբ»:
Դեսպան Սոբհանին այսօր էլ վերահաստատեց Իրանի դիրքորոոշումը, Թեհրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջի, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը և Հայաստանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողերը»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյաննէլ մայիսին հայտարարել էր, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում: