- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը որոշել է կազմել միջազգային հանձնախումբ, որը պետք է քննի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում հնարավոր ռազմական հանցագործությունները:
Առաջարկին դեմ են քվեարկել միայն Ռուսաստանը և Էրիթրեան: Ռուսաստանի պատվիրակը հայտարարել է, թե բանաձևի կողմնակիցներն ամեն բան անում են, որ «Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների համար Ռուսաստանը դատապարտվի»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է բանաձևի ընդունումը: Դեռևս հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով է կազմվելու և աշխատելու այդ հանձնախումբը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միության խորհուրդը գործադրում է ուկրաինացի փախստականների պաշտպանության ժամանակավոր մեխանիզմ:
Այդ որոշմամբ նրանք կարող են 1-ից 3 տարի գտնվել Եվրամիության տարածքում: Որոշումը միաձայն ընդունվել է Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարների նիստում:
Այդ մեխանիզմն ուկրաինացի փախստականներին տալիս է ժամանակավոր բնակության, ժամանակավոր կեցավայրի, աշխատանքի, բուժօգնության, երեխաների համար կրթության և Եվրամիության տարածքով տեղաշարժի իրավունք:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին, հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Ընդգծենք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել և սպասարկել է մեր հայրենակիցներին, և շարունակելու է դա անել արդեն նոր տեղակայման վայրերից», - ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ռուսաստանի նախագահն այսօր դիմել է հարևան երկրներին` հավաստիացնելով, թե նրանց հանդեպ Մոսկվան չար նպատակներ չունի: Փորձելով հանգստացնել այդ երկրների իշխանություններին՝ Պուտինը միաժամանակ զգուշացրել է, որ նրանք չմիանան Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին:
«Մենք ոչ մի վատ մտադրություն չունենք մեր հարևանների նկատմամբ, դա մենք միշտ ասել ենք: Նաև խորհուրդ կտամ չսրել իրավիճակը, որևէ սահմանափակում չմտցնել», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայտի փոխանցմամբ, «կանցլերը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
«Մեծ յոթնյակի» արտաքին գերատեսչությունների ղեկավարները Բրյուսելում գումարած արտահերթ ժողովում ընդունել են հայտարարություն, որով խստորեն դատապարտել են Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում` գրոհը Զապորոժիեի ատոմակայանի վրա:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից հայտարարվել է լռության ռեժիմ, և բացվել են մարդասիրական միջանցքներ Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։
Ուկրաինական կողմի հետ համաձայնեցվել են մարդասիրական միջանցքները և ելքի ուղիները, ասվում է հաղորդագրության մեջ:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում: Նա պնդել է, որ Ուկրաինան կարող է խուսափել պարտությունից: