- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնուհետև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը, առանց բացահայտելու քննարկված հարցերի բովանդակությունը։
Ըստ Ֆրանսիական լրատվամիջոցների լուրերի՝ Մակրոն-Պուտին հեռախոսազրույցը տևել է 90 րոպե։
Երեկ երեկոյան Ֆրանսիայի նախագահն ասել է, որ որոշել է պահպանել Ռուսաստանի նախագահի հետ շփումները Ուկրաինայի իրավիճակի հետ կապված։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Այսօր կեսօրին Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերը ղողանջել են՝ աջակցելու Ուկրաինայի ժողովրդին, զոհվածներին սգալու և աղոթելու խաղաղության համար։
Եվրոպայում հայտնի մյուս մեծ եկեղեցիների, այդ թվում՝ Հռոմի, Քյոլնի տաճարների զանգերը ևս Նոտր Դամի հետ ղողանջել են Ուկրաինայի համար։
Տաճարների շինարար-վարպետների եվրոպական ընկերակցությունը ասել է, որ Նորվեգիայից մինչև Մալթա, Իսպանիայից մինչև Ուկրաինա եկեղեցիները չեն ցանկանում լռել պատերազմի մասին։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայի Խերսոն քաղաքում։ Լուրը հաստատել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյան։
Զոհվածը Ուկրաինայի քաղաքացի Վահիկ Սողոմոնյանն է, այլ մանրամասները ճշտվում են:
Ալեքսանյանի խոսքով՝ հիմա շատ ծանր վիճակ է Մարիոպոլում, Խերսոնում, որտեղից դուրս գալն այս պահին բարդ է։ Խարկովից արդեն իսկ հասցրել են դուրս գալ մի քանի հայկական խմբեր։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի խորհրդարանը այսօր հաստատեց «Համընդհանուր մոբիլիզացիայի մասին» նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը։
Զելենսկին հրամանագիրը ստորագրել է փետրվարի 25-ին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի պատվիրակությունը Կիևից ուղղաթիռով ժամանել է բանակցությունների վայր։ Այս մասին տեղից հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Հանդիպումն անցկացվում է Բելառուսում, Բելովեժյան թավուտ կոչվող վայրում։