- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Եվրոպա անցած ուկրաինացիներին իրավունք կընձեռվի ընդհուպ մինչև երեք տարի մնալ և աշխատել ԵՄ տարածքում», - այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը։
Յոհանսոնի խոսքով՝ այս պահին Ուկրաինայից ԵՄ է անցել ավելի քան 400 հազար փախստական։ «Մենք, սակայն, ակնկալում ենք, որ դրանց թիվը կարող է հասնել մի քանի միլիոնի», - նշել է եվրոպացի պաշտոնյան։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են», - քիչ առաջ իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն՝ որևէ հավելյալ տեղեկություն չներկայացնելով։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Այժմ հարկավոր է կենտրոնանալ գործնական խնդիրների լուծման, այլ ոչ թե Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցելու հարցի վրա», - արձագանքելով Կիևից հնչող հայտարարություններին՝ երկուշաբթի օրը հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Այսօր Ուկրաինայի անդամակցության հարցը օրակարգում չէ։ Անդամակցությունը այնպիսի մի գործընթաց է, որ տարիներ է տևում։ Այսօր մենք պետք է կենտրոնանանք առաջիկա ժամերի, այլ ոչ թե առաջիկա տարիների խնդիրների վրա», - նշել է Բորելը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը հնարավոր է հանգուցալուծել միայն այն դեպքում, եթե «Մոսկվայի շահերը աներկբա կերպով հաշվի առնվեն»։ Դրանց թվում են, ըստ Պուտինի, Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովումը և Ղրիմի ճանաչումը որպես Ռուսաստանի անբաժան մաս։
Ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել դրանք առաջիկա օրերին շարունակելու հարցում:
Բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, հղում անելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Միխաիլ Պոդոլյակին, հայտնել է, որ «կողմերը գնում են մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների»։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին էլ շուրջ հինգ ժամ տևած բանակցություններից հետո ասել է, որ «գտնվել են որոշ կետեր, որոնցով կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները»։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունը նավահանգիստներին խնդրել է արգելել ռուսական դրոշի ներքո նավարկող բեռնատար, ուղևորատար կամ մասնավոր ռուսական նավերի մուտքը:
Բրիտանիան մտադիր է արգելել միկրոէլեկտրոնիկայի և նավարկման սարքավորումների վաճառքն ու փոխանցումը Ռուսաստանին:
Բացի այդ, Լոնդոնը սահմանում է ռուսական ֆինանսական կառույցների նկատմամբ նոր պատժամիջոցներ, որոնց թվում է դրանց անջատումը SWIFT միջազգային վճարային համակարգից:
Պատժամիջոցներ կսահմանվեն, մասնավորապես, Ռուսաստանի Կենտրոնական բանկի նկատմամբ:
Կսառեցվեն ВТБ, Совкомбанк և Внешэкономбанк դրամատների ակտիվները: Նշված հաստատություններին կարգելեն վճարումներ կատարել բրիտանական ֆունտ ստերլինգով և անկանխիկ տարբերակով:
Լոնդոնը նախապատրաստում է պատժամիջոցներ նաև Բելառուսի և Դոնեցկի երկու ինքնահռչակ կազմավորումների նկատմամբ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն փետրվարի 28-ին որոշել են Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականներին և ակումբներին թույլ չտալ մասնակցել այդ կառույցների հովանու ներքո անցկացվող մրցումներին:
Արգելքը սահմանվում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի ռազմական հարձակման կապակցությամբ:
Մոսկվայի «Սպարտակ»-ը դուրս է հանվել Եվրոպայի լիգայի մրցաշարից, որտեղ 1/8-ում պետք է հանդիպեր գերմանական «Լայպցիգ»-ի հետ:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի 2021-22 թվականների մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը մայիսի 28-ին անցկացնել ոչ թե Սանկտ Պետերբուրգում, այլ Փարիզում:
ՈւԵՖԱ-ն նաև չեղարկել է հովանավորչական պայմանագիրը ռուսական հսկա «Գազպրոմ»-ի հետ: Պայմանագիր կնքվել է 2012 թվականին և անցյալ տարի երկարաձգվել է ու պետք է գործեր մինչև 2024 թվականը:
Ռուսաստանի ազգային հավաքականը չի կարող մարտին նախատեսված որակավորման հանդիպումներ անցկացնել 2022 թվականին Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար:
Միջազգային օլիմպիական կոմիտեն միջազգային մարզական բոլոր ֆեդերացիաներին կոչ է արել արգելել ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրամիությունը կազմել է պատժամիջոցների նոր ցուցակ, որում ընդգրկվել են «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, «Պրոմսվյազբանկի» ղեկավար Պյոտր Ֆրադկովը:
Միլիարդատերերից այդ ցուցակում են ներառվել Ալեքսեյ Մորդաշովը, Միխայիլ Ֆրիդմանը, Ալիշեր Ուսմանովը, Պյոտր Ավենը, թավջութակահար-գործարար Սերգեյ Ռոլդուգինը և ուրիշներ:
Պաշտոնյաներից սանկցիաների ցուցակում են փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն, շինարարության և տրանսպորտի նախարարներ Իրեկ Ֆայզուլինը և Վիտալի Սավելևը, «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի քարտուղար, Դաշնային խորհրդի փոխնախագահ Անդրեյ Տուրչակը:
Բացի այդ, սանկցիաներ են սահմանվել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի և մի շարք լրագրողների նկատմամբ, նրանց թվում են Տիգրան Քեոսայանը, Անտոն Կրասովսկին, Արկադի Մամոնտովը, Օլգա Սկաբեևան, Ռոման Բաբայանը, պատմաբան, հրապարակախոս Մոդեստ Կոլերովը և գրող, «Սպրավեդլիվայա Ռոսիա» - «Զա պրավդու» կուսակցության համանախագահ Զախար Պրիլեպինը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտահերթ նստաշրջանում քննարկում է պատերազմը Ուկրաինայում։
«Ուկրաինայում մարտերը պետք է դադարեցվեն», - նախազգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ շարունակելով․ - «Բավական է: Զինվորները պետք է վերադառնան իրենց զորամասեր: Առաջնորդները պետք է շարժվեն դեպի խաղաղություն: Քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն»։
Բանաձևի շուրջ քննարկումներում ելույթ ունենալու ցանկություն է հայտնել շուրջ հարյուր երկիր։ Պարտադիր ուժ չունեցող փաստաթուղթը, որը Ռուսաստանից պահանջում է անհապաղ դուրս բերել իր զորքերն Ուկրաինայից, քննարկումների ավարտին կդրվի քվեարկության։