Այս գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը անօդաչու թռչող սարք է խոցել, որը թռչում էր դեպի Մոսկվա, բեկորներն ընկել են Էքսպոկենտրոնի մոտ: Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, այսօր Տելեգրամում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Էքսպոկենտրոնի գոտում, շենքին էական վնաս չի հասցվել», - գրել է Սոբյանինը:
Հինգշաբթի ուշ երեկոյան էլ Բելգորոդի շրջանում է անօդաչու թռչող սարք խոցվել, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունը և մարզային իշխանությունները։
Ռուս զինվորականների տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։
Մոսկվայի բոլոր 4 օդանավակայանները գիշերը ժամանակավոր փակվել էին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր վրա ճնշում չի գործադրում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։
«Բելառուսի ներգրավվածությունը․․. ի՞նչ կտա դա՝ ոչինչ», - ասել է Լուկաշենկոն, որի երկիրը սահմաններ ունի Ուկրաինայի, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երեք երկրների հետ։
«Եթե դուք՝ ուկրաինացիներդ չհատեք մեր սահմանը, մենք երբեք չենք մասնակցի պատերազմին։ Այս թեժ պատերազմին։ Բայց մենք միշտ կօգնենք Ռուսաստանին՝ նրանք մեր դաշնակիցներն են», - ասել է Լուկաշենկոն ուկրաինացի, բայց ռուսամետ լրագրող Դիանա Պանչենկոյին տված հարցազրույցում։
Նա զգուշացրել է, որ Բելառուսը կպատասխանի արտաքին ագրեսիային, ներառյալ՝ միջուկային զենքի կիրառմամբ, որ Մոսկվան տեղյակայել է այդ երկրի տարածքում։
Լուկաշենկոն ասել է, թե կարծում է՝ Պուտինն արդեն հասել է իր նպատակներին Ուկրաինայում, և հավելել է, թե երկու կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և պատրաստ լինեն քննարկելու բոլոր հարցերը, ներառյալ՝ Ղրիմի և Ուկրաինայի մյուս տարածքների ապագան, որոնց նկատմամբ Ռուսաստանը հավակնություններ ունի։ Բայց, նրա խոսքով, Ռուսաստանը երբեք Ղրիմը հետ չի տա:
«Ռուսաստանի նպատակները մինչ օրս արդեն իրականացվել են։ Այս պատերազմի ավարտից հետո Ուկրաինան երբեք Ռուսաստանի հանդեպ իրեն այդքան ագրեսիվ չի պահի, ինչպես պատերազմից առաջ», - ասել է Լուկաշենկոն:
Կիևը, ինչպես գրում են արևմտյան դիտորդները, չի հանձնվում և շարունակում է ժխտել զիջումների գնալու հնարավորությունը:
ՆԱՏՕ-ի պաշտոնյան ներողություն է խնդրել Ուկրաինայից տարածքային զիջումների մասին իր խոսքերի համար: Նորվեգական հրատարակությանը տված հարցազրույցում կազմակերպության գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի տնօրեն Ստիան Յենսենն ասել է, որ իր հայտարարությունը Ուկրաինայում իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ ավելի լայն քննարկման մի մասն է, և որ ինքը չպետք է օգտագործեր այդպիսի պարզեցված ձևակերպում:
Երեքշաբթի օրը «Արենդալի շաբաթ» բանավեճի ժամանակ Յենսենն ասել էր. - «Կարծում եմ՝ լուծումը կարող է լինել Կիևի կողմից տարածքը զիջելը և դրա դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելը»: Այս խոսքերը հարուցել էին Կիևի սուր քննադատությունը։
Իր հերթին, դաշինքի գլխավոր քարտուղարն այսօր շեշտել է․ թե ՆԱՏՕ-ն կաջակցի Կիևին մինչև հաղթանակ։ Միաժամանակ, Ստոլտենբերգը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ում շարունակվում են ներքին քննարկումներն այն մասին, թե ինչպես վերջ տալ այս պատերազմին և հասնել խաղաղության տարածաշրջանում։
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան մտադիր է զգալիորեն մեծացնել մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։
«Նման հարցերի պատասխանը ներառում է մեր աշխատանքը գործընկերների հետ՝ ապահովելու անհրաժեշտ անօդաչու սարքերի և համակարգերի մատակարարումը, ինչպես նաև աշխատանքն այստեղ՝ Ուկրաինայում։ Մենք զգալիորեն ավելացնում ենք սեփական արտադրությունը», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ ուկրաինական կողմը պայմանավորվել էր թուրքական «Բայրաքթար» ընկերության հետ Ուկրաինայի տարածքում անօդաչուների գործարան հիմնելու և դրանք արտադրելու մասին:
Ուկրաինայի իշխանությունները հակահարձակման դանդաղ ընթացքի պատճառներից մեկը համարում են արևմտյան սպառազինության պակասը։ Մասնավորապես, Կիևն այդքան սպասված F-16 կործանիչները չի ստանա ոչ աշնանը, ոչ էլ նույնիսկ ձմռանը, ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Իգնատը։
Այդ կործանիչների հետ մեծ հույսեր կային, Իգնատի խոսքով՝ դրանք կարող էին դառնալ երկրի հակաօդային պաշտպանության մի մասը և օգնել պաշտպանվել ռուսական հրթիռներից ու անօդաչու թռչող սարքերից:
Միաժամանակ, պաշտոնյան նշել է, որ ուկրաինացի օդաչուների ու անձնակազմի պատրաստման հարցը «գործնականում սկսել է տեղից շարժվել»։
Ուկրաինայի զինված ուժերի գխավոր շտաբի օգոստոսի 17-ի առավոտյան հրապարակած ամփոփագրում նշված է, որ անցած մեկ օրվա ընթացքում ճակատային գծում երկու տասնյակ ռազմական բախումներ են տեղի ունեցել։
Թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական զորքերը տարբեր ուղղություններով հարձակողական գործողություններ են իրականացնում, բայց լուրջ ճեղքումներ չեն արձանագրվել։
Ռուս զինվորականները Բելգորոդի շրջանում հարվածային անօդաչու թռչող սարք են խոցել։
«Այսօր Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 9-ին Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը խափանվել է», - ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունում:
Գերատեսչության տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։
Ռուսաստանի՝ Ուկրաինային սահմանակից Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանների իշխանությունները պարբերաբար հաղորդում են հրետակոծությունների մասին։ Ռուսական կողմը հարձակումներում մեղադրում է ուկրաինական բանակին։ Ուկրաինայի ղեկավարությունը չի մեկնաբանում այդ տեղեկությունները։
Ռուսաստանի կազմում գտնվող Կոմի հանրապետության գյուղատնտեսության նախկին նախարար Դենիս Շարոնովը ԱՄՆ-ում քաղաքական ապաստան է հայցել, հաղորդում է RTVI-ն։
Շարոնովի խոսքով՝ Ռուսաստանում ինքը նախ երկու անգամ քրեական հետապնդման է ենթարկվել և երկու դեպքում էլ դատարանի կողմից արդարացվել, այնուհետև ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ավելի ուշ՝ 2022 թվականի հոկտեմբերին, նախկին պաշտոնյան զինկոմիսարիատից ծանուցում է ստացել, ինչից հետո որոշել է հեռանալ երկրից։
Դենիս Շարոնովը պնդել է, թե իր նկատմամբ մշտական ճնշումների պատճառը «այլախոհության» նկատմամբ երկրի ղեկավարության անհանդուրժողականությունն է:
Կիևը «բացարձակապես անընդունելի» է համարում Ուկրաինայի՝ որոշակի տարածքներ զիջելու դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ խոսակցությունները: Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոյի այս հայտարարությունը հաջորդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Ստիան Յենսենի հարցազրույցին։
Դաշինքի պաշտոնյան, ըստ մամուլի հրապարակումների, ասել է, թե իր կարծիքով՝ պատերազմի ավարտի փուլերից մեկը կարող է լինել Ուկրաինայի հրաժարումը իր տարածքի մի մասից՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու դիմաց։
«Ես միշտ ենթադրել եմ, որ Դաշինքը, ինչպես Ուկրաինան, տարածքների առևտուր չի անում: ՆԱՏՕ-ի պաշտոնյաների գիտակցաբար կամ անգիտակցաբար մասնակցությունը Ուկրաինայի՝ իր տարածքները լքելու հնարավորության մասին խոսույթի ձևավորմանը Ռուսաստանի շահերից է բխում», - ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի հավաստմամբ՝ ուկրաինացի զինվորականներն ազատագրել են Դոնեցկի մարզի Ուրոժայնոյե գյուղը, որի համար վերջին օրերին կատաղի մարտեր էին ընթանում։
«Ուրոժայնոյեն ազատագրեցին: Մեր պաշտպաններն ամրապնդվում են գծերի վրա։ Գրոհային գործողությունները շարունակվում են», - գրել է Մալյարն իր Տելեգրամ ալիքում։
Երկուշաբթի օրը փոխնախարարը հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները «որոշակի առաջընթաց» են գրանցել Ուրոժայնոյեում։