Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ երկու մարտական ԱԹՍ է խոցվել, որոնք թռչել են դեպի Ռուսաստանի մայրաքաղաք:
«Մեկը՝ Դոմոդեդովո շրջանում, երկրորդը՝ Մինսկի մայրուղու տարածքում»,- գրել է Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Ուկրաինական հակահարձակումը շարունակվում է. ուկրաինացիները փորձում են առաջ գնալ հատկապես հարավում։ Ռուսական կողմը հայտնել է, թե ուկրաինացի զինվորականները գիշերը փորձել են մտնել Դնեպր գետի ռուսների հսկողության տակ գտնվող ձախ ափի տարածք։ Խերսոնի շրջանի ռուսների նշանակած ղեկավար Վլադիմիր Սալդոն Տելեգրամ ալիքում գրել է, թե ուկրաինացի զինծառայողները դրա համար օգտագործել են նավակներ, որոնք ռուսական կողմը ոչնչացրել է։
Ռուս բլոգերները, սակայն, պնդում են, որ հարձակումն ամբողջությամբ հետ չի մղվել, և Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է հաստատվել Կազաչյի լագերյա գյուղի մատույցներում։ Որոշ աղբյուրների տվյալներով էլ՝ ուկրաինացի զինվորականներին հաջողվել է գրավել ռուսական պաշտպանության առաջին գծի խրամատները:
Ուկրաինական կողմն այս տեղեկությունը չի մեկնաբանել, փոխարենը հայտնել է, որ Բախմուտի ուղղությամբ նախաձեռնությունը մնում է Ուկրաինայինը, միաժամանակ նշել, որ ռուսական զորքերը «ուժգին դիմադրություն» են ցույց տալիս։ Վերջին օրվա ընթացքում Բախմուտի ուղղությամբ տեղի է ունեցել 16 բախում, ռուսական զորքերը ակտիվորեն օգտագործում են ծանր հրետանի և ականանետեր։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից 18 հարձակում է հետ մղվել Բախմուտի, Կլեշչևկայի և Զայցևոյի շրջանում։։
Նախօրեին ուկրաինացիները կրկին պայթեցրել էին Ղրիմը ռուսների վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ կապող կամուրջները։ Վերջին շրջանում հաճախակի են նաև հարվածները ՌԴ տարածքին, այդ թվում՝ Մոսկվային։
Ռուսական ուժերի կողմից ուկրաինական Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի երեկվա հրթիռակոծության հետևանքով տուժածների թիվն աճել է՝ առնվազն 7 մարդ է զոհվել, ևս 67-ը վիրավորվել են։
Օգոստոսի 7-ի երեկոյան քաղաքի կենտրոնը երկու անգամ հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռներով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը այսօր ասել է, թե Պոկրովսկում, որին ռուսները Կրասնոարմեյսկ են ասում, հրթիռակոծության միջոցով ուկրաինական «Խորտիցա» ռազմական խմբավորման հրամանատարական կետ է ոչնչացվել։
Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին ասել է, որ Կոնաշենկովը ստում է։
«Ռուսաստանը բաց է ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծման համար և պատրաստ է արձագանքել խաղաղության հաստատմանն ուղղված ցանկացած լուրջ առաջարկի», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ նաև նշված է, որ Մոսկվայում համոզված են՝ «հարցի համապարփակ, կայուն և արդարացի լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Կիևի վարչակազմը դադարեցնի ռազմական գործողություններն ու ահաբեկչական հարձակումները, իսկ նրանց արևմտյան հովանավորները վերջ տան զենքի ծավալուն մատակարարումներին»։
Ռուսաստանի ԱԳՆ նաև պնդում է, որ խաղաղությունը հնարավոր է, եթե հաստատվեն Ուկրաինայի ինքնիշխանության սկզբնական հիմքերը՝ «չեզոք, դաշինքներից դուրս, ոչ միջուկային կարգավիճակը»։
Ռուսաստանի ազգային տարադմանը՝ ռուբլին, այսօր առավոտյան, Մոսկվայի բորսայում կայացած սակարկությունների արդյունքում արժեզրկվել է թե՛ ամերիկյան դոլարի և թե՛ եվրոյի նկատմամբ։
Դոլարի փոխարժեքը հատել է 97 ռուբլու շեմը, իսկ մեկ եվրոյի դիմաց այսօր առավոտյան շուրջ 107 ռուսական ռուբլի էին վճարում։
«Սա ռուբլու ամենացածր փոխարժեքն է դոլարի հանդեպ 2022 թվականի մարտի 25-ից ի վեր», -հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ռուսական ուժերն այսօր առավոտյան հրթիռակոծել են Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի Կուչերովկա գյուղը ինչի հետևանքով զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում», - Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Հրթիռը հարվածել է բնակելի մի շենքի ինչի հետևանքով այս պահին հայտնի է երկու զոհի և երեք վիրավորի մասին», - գրել է Երմակը։
Օգոստոսի 5-ից 6-ը Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդա քաղաքում, Ուկրաինայի խնդրի խաղաղ կարգավորման հարցով միջազգային համաժողովի մասնակիցները հանդես են եկել ի պաշտպանություն պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։
Գագաթնաժողովի արդյունքների մասին տեղեկությունը մամուլին փոխանցել է Ջիդդայում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Հանդիպման մասնակիցները՝ մոտ 40 պետությունների ներկայացուցիչներ, ամփոփիչ հայտարարություն չեն ընդունել, ինչը չի էլ ենթադրվել, քանի որ քննարկումների հիմնական նպատակը ոչ թե միասնական դիրքորոշման դրսևորումն էր, այլ մտքերի փոխանակումը։
«Ջիդդայում շատ արդյունավետ խորհրդակցություններ են տեղի ունեցել: Տարբեր տեսակետներ կային, բայց բոլոր ներկաները հավաստեցին իրենց երկրների հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, միջազգային իրավունքին և պետությունների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն»,- ասել է Երմակը:
Ենթադրվում է, որ Սաուդյան Արաբիան Ռուսաստանին տեղեկություններ կփոխանցի Ջիդդայում ավարտված համաժողովի մասին:
Երմակը ներկայացրել է համաժողովի մասնակիցների ցանկը: Եվրամիությունից մասնակցել են ավելի քան 10-ը երկրների պատվիրակներ: Ներկա են եղել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի պաշտոնյաները:
Համաժողովին մասնակցել են Ասիայի ավելի քան 10-ը երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Չինաստանը և Ճապոնիան, աֆրիկյան 2 պետություններ՝ Եգիպտոսը և Հարավային Աֆրիկան, և Հարավային Ամերիկայից Արգենտինան, Բրազիլիան և Չիլին:
The Wall Street Journal-ը, նշում է, որ ի տարբերություն հունիսին Կոպենհագենում տեղի ունեցած նմանօրինակ համաժողովի, Ուկրաինան Ջիդդայում չի պնդել ամբողջությամբ ընդունել խաղաղության՝ Վլադիմիր Զելենսկու հեղինակած բանաձևը և պնդել է իր համար ամենակարևոր սկզբունքները՝ հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները և պահանջել ռուսական զորքերի դուրսբերումը:
Ինչպես հայտնում է DPA-ն, հանդիպմանը մեծ ուշադրության է արժանացել Սաուդյան Արաբիայի և մի շարք այլ երկրների առաջարկած խաղաղության նոր ծրագիրը։ Այն ենթադրում է հրադադար ամբողջ ռազմաճակատում և ՄԱԿ-ի միջնորդությամբ Մոսկվայի և Կիևի բանակցությունների մեկնարկ:
Ուշագրավ է դիտվել Չինաստանի ներկայացուցչի մասնակցությունը Ջիդդայի համաժողովին: Պեկինը նախկինում հանդես է եկել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման առաջարկով, որը շատ առումներով մոտ է Սաուդյան Արաբիայի առաջարկին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևելու է բանակցությունների ընթացքին։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ՝ օգոստոսի 6-ի առավոտյան անօդաչու թռչող սարքը փորձել է գրոհել Ռուսաստանի մայրաքաղաքը, սակայն այն խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ «Վնուկովո» օդանավակայանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ինքնաթիռների վայրէջքների համար։
Անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին հայտնել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Զոհեր և ավերածություններ չկան, ասվում է հաղորդագրության մեջ։
Սոբյանինի հրապարակումից կես ժամ առաջ «Վնուկովո» օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ «օդանավակայանի վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և բաց թողնման համար»։ Չվերթներից մի քանիսը վերահասցեագրվել են Մոսկվայի այլ օդանավակայաններ, հավելում է РИА Новости գործակալությունը։
Օգոստոսի 6-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Շաբաթ երեկոյանից մինչև կիրակի առավոտ հարձակումների մի քանի ալիքների համար ռուսական բանակը օգտագործել է 70 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, ասվում է Ուկրաինայի զինված ուժերի հայտարարության մեջ։ Կան զոհեր և վիրավորներ։
Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, օգոստոսի 5-ի երեկոյան ռուսական բանակը հարվածել է Խարկովի մարզում արյան փոխներարկման կենտրոնի վրա։
Զելենսկու խոսքով՝ «կան զոհեր ու վիրավորներ», իսկ «փրկարարները մարում են կրակը»։
Politico պարբերականի փոխանցմամբ, ընտրվել են F-16 ինքնաթիռի օդաչուների պատրաստման ամերիկյան դասընթացների առաջին 8 ուկրաինացիները։ Ուսուցման մեկնարկի հստակ ժամկետը դեռ որոշված չէ։
Politico պարբերականը նշում է, որ «ութ ուկրաինացի օդաչուները վարժ տիրապետում են անգլերենին, պատրաստ են սկսել կործանիչների կիրառման ուսուցումն այն պահից, երբ եվրոպական դաշնակիցները կկազմեն պաշտոնական ուսումնական ծրագիրը, որը կհաստատվի Միացյալ Նահանգների կողմից»։
Մինչ այդ ևս 20 օդաչուներ, ովքեր տիրապետում են անգլերենի որոշակի մակարդակի, Մեծ Բրիտանիայում արդեն այս ամսվա ընթացքում կսկսեն մասնակցել լեզվի դասընթացներին:
«Ընդհանուր հաշվով ընտրվել են 32 ուկրաինացի օդաչուներ, ինչը բավարար է երկու էսկադրիլիա կազմելու համար, սակայն նրանց անգլերենի իմացությունը դեռ խնդիր է»,- նշել է պարբերականը:
Ըստ Politico-ի, Կիևը հավաստիացրել, որ չի կիրառի F-16 կործանիչները բուն Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածներ հասցնելու համար: