Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:35 5.8.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովի փոխանցմամբ, ռուսական ուժերը գրավել են Նովոսելովսկոյե բնակավայրը:

«Կուպյանսկի ուղղությամբ զորքերի արևմտյան խմբավորման ստորաբաժանումների գրագետ և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հաջողվել է ազատագրել Լուգանսի ժողովրդական հանրապետության Նովոսելովսկոյե բնակավայրը», - օգոստոսի 5-ին ասել է Կոնաշենկովը:

12:21 5.8.2023

Կերչի նեղուցում անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ ռուսական լցանավ է խոցվել։ «Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատել են ռուսական գերատեսչությունները, որոնք հարձակման մեջ մեղադրել են Ուկրաինային։

Պաշտոնական տվյալներով՝ լցանավում 11 մարդ կա։ Նրանք տարհանման կարիք չունեն. մի քանիսը բեկորներից փոքր քերծվածքներ ունեն։

17:23 4.8.2023

2023 թվականին Ռուսաստանի կառավարության պլանավորած ծախսերի մեկ երրորդը բաժին է հասնում ռազմական կարիքներին, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ռուսաստանյան պաշտոնական փաստաթուղթը։

Ըստ այդ փաստաթղթի՝ «Ազգային պաշտպանությանը» հատկացվել է ընդհանուր պետական ծախսերի 33,4 տոկոսը։

Reuters-ի գնահատմամբ՝ այսպիսով 2023 թվականին ռազմական կարիքների համար բյուջետային ծախսերի մասնաբաժինը ռեկորդային է 2011 թվականից ի վեր։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այդ ծախսերը նախկինում կազմում էին 14-23 տոկոս։ Գործակալությունը ենթադրում է, որ Ուկրաինայում պատերազմի շարունակությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտի ավելացմանը, որը հուլիսի սկզբին արդեն կազմում էր 2,6 տրիլյոն ռուբլի։

Ռուսաստանի կառավարությունը և ֆինանսների նախարարությունը միջազգային լրատվական գործակալության հարցերին չեն պատասխանել։

14:55 4.8.2023

Լեհաստանի իրավապահները Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով Բելառուսի քաղաքացու են ձերբակալել։

Դատարանը նրան կալանավորել է երեք ամսով, հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։

Հարևան երկրի քաղաքացին վերջին շրջանում Լեհաստանում լրտեսության գործով ձերբակալված 16-րդ օտարերկրացին է։

Կամինսկու խոսքով՝ ձերբակալվածը հետևել է ռազմական օբյեկտներին ու նավահանգիստներին, ինչպես նաև քարոզչական գործունեություն է ծավալել հօգուտ Մոսկվայի։

Լեհ իրավապահները պնդում են, որ երկրում ռուսաստանյան գործակալական ցանց է գործել, որը հետևել է երկաթուղիներով ապրանքների տեղաշարժին, դիվերսիա է պատրաստել և քարոզչություն իրականացրել ՆԱՏՕ-ի, Լեհաստանի քաղաքականության դեմ։

14:54 4.8.2023

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Նովոռոսիյսկ նավահանգստի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձի մասին, պնդելով, որ ԱԹՍ-ներն արձակվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատիևի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Նովոռոսիյսկ նավահանգստում տեղակայված Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումը հայտնել է, որ իր ենթակառուցվածքները ևս չեն վնասվել, և նավթի առաքումները շարունակվում են սովորական ռեժիմով։

Ընկերությունը, սակայն, նշում է՝ որոշում է կայացվել նավահանգստում նավերի տեղաշարժի ժամանակավոր արգելք սահմանել։

Կիևը չի մեկնաբանել այս հարձակման մասին պնդումները։

15:43 3.8.2023

Լենինգրադի մարզի ձեռնարկատեր Դմիտրի Սկուրիխինը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման «Ներիր Ուկրաինա» պաստառի համար։

Դատարանը նրան մեղավոր ճանաչեց բանակը կրկնակի վարկաբեկելու համար, իսկ պաստառը կարգադրեց այրել։

Առաջին անգամ նրան մեղադրել էին անցած տարվա սեպտեմբերին, երբ նա գյուղում գտնվող իր խանութի պատերին հակապատերազմական կարգախոսներ էր գրել։

Երկրորդ գործը հարուցվել էր, երբ նա Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու տարելիցին միայնակ ակցիա էր արել՝ ծնկաչոք պահելով «Ներիր Ուկրաիա» գրությամբ պաստառը։

15:42 3.8.2023

ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցներին համապատասխան Վրաստանը օգոստոսի 1-ից արգելում է ԱՄՆ-ից ներմուծված ավտոմեքենաների իր տարածքով վերարտահանումը (ռեէքսպորտը) Ռուսաստան և Բելառուս, իսկ սեպտեմբերի 26-ից կարգելվի նաև Եվրամիությունից ներմուծված ավտոմեքենաներինը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի եկամուտների ծառայությունը։

Մարդատար ավտոմեքենաները Ռուսաստանի հետ Վրաստանի առևտրում 3-րդ տեղն են զբաղեցնում արտահանվող ապրանքների շարքում։ 2023 թվականի 6 ամիսների ընթացքում ռուսաստանցիներին վաճառվել է 53 միլիոն դոլարի ավտոմեքենաներ։ Մեկ տարվա կտրվածքով աճը կազմել է ավելի քան 270 տոկոս։

Ավտոմեքենաների վաճառքի ռուսաստանցի միջնորդները իրենց հաճախորդներին տեղեկացնում են, որ Վրաստանի ճանապարհը փակվում է։

Վրաստանի իշխանությունների որոշումը կարող է ազդեցություն թողնել նաև Հայաստանի շուկայի վրա, քանի որ մեքենաների մի մասը ԵԱՏՄ արտահանվելու համար նախ ներմուծվում և մաքսազերծվում էր Հայաստանում։

15:41 3.8.2023

Գիշերը ռուսական ուժերը կրկին «Շահեդ»-ներով հարվածել են Կիևին։

Սա կամիկաձե անօդաչուների ութերորդ անընդմեջ հարձակումն է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։

Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է մայրաքաղաք թռչող բոլոր անօդաչու սարքերը։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ խոցվել է 15 «Շահեդ» և յոթ հետախուզական անօդաչու թռչող սարք։

Նախնական տեղեկություններով՝ Կիևում զոհեր և ավերածություններ չկան։

15:41 3.8.2023

Ըստ Կիևի՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր 10 հազար 749 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 15 հազար 599-ը՝ վիրավորվել։

«Զոհերի թվում է նաև 499 երեխա», - «Ինտերֆաքս-Ուկրաինա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազության ռազմական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավար Յուրի Բելոուսովը։

«Ուկրաինայի օկուպացված տարածքների ազատագրումից հետո, ենթադրվում է, որ սպանվածների թիվը «մի քանի անգամ կավելանա», - ասել է պաշտոնյան։

Հուլիսի 7-ին ՄԱԿ-ը հայտնել էր, որ հաստատել է «ավելի քան 9 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 500-ից ավելի երեխաների» մահվան դեպքերը։

ՄԱԿ-ի յուրաքանչյուր զեկույցում նշվում է, որ զոհերի թիվը իրականում կարող է ավելի մեծ լինել, քանի որ ստույգ տվյալներ չկան ռուսական ուժերի գրաված ուկրաինական քաղաքներից։

17:52 2.8.2023

«Այսօր առավոտյան տեղի ունեցած ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 40 հազար տոննա հացահատիկ է ոչնչացվել», - Twitter կայքում գրել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովը։

Պաշտոնյայի խոսքով՝ պահեստների և էլեվատորների վրա հարձակման հետևանքով ոչնչացված ցորենը նախատեսված էր աֆրիկյան մի շարք պետություններ, ինչպես նաև Իսրայել և Չինաստան արտահանման համար։

Reuters գործակալության տեղեկություններով՝ հարձակման հետևանքով հացահատիկի գինը միջազգային շուկայում աճել է շուրջ հինգ տոկոսով։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG