Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

17:11 28.7.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կրկնել է իր դիրքորոշումը, որ պատրաստ է բանակցությունների Ուկրաինայի հետ, բայց Կիևը հրաժարվում է։

Այս մասին նա ասել է արձագանքելով Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամաթին, ով Ռուսաստան-Աֆրիկա համաժողովում ասել է, որ Աֆրիկյան միությունը մեծ նշանակություն է տալիս երկրների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և փոխզիջումների ճանապարհով ճգնաժամերի խաղաղ կարգավորմանը։

Կիևը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվայի հետ չի բանակցի այն պայմաններում, Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ ու գրավել երկրի 20 տոկոսը։

Կրեմլը իր հերթին բազմիցս ասել է, որ բանակցությունները պետք է հաշվի առնեն նոր իրողությունները։

Աֆրիկյան առաջնորդների հետ հանդիպմանը Պուտինը նորից պնդել է, որ հակամարտության հիմքում Ռուսաստանի անվտանգության սպառնալիքներն են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից։

15:28 28.7.2023

Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին այսօրվա ասուլիսում ասել է, որ ուկրաինական զորքերը շարունակում են հարձակումը Բախմուտի շրջանում՝ փորձելով առաջ շարժվել քաղաքից հյուսիս և հարավ ընկած ուղղություններով։

Իրավիճակը նա շատ լարված է գնահատել, ասելով, որ «հակառակորդը կառչում է յուրաքանչյուր սանտիմետրից և հրետանային ու ականանետային ակտիվ կրակ վարում»:

15:26 28.7.2023

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի կարգավորման համար, բայց ուկրաինացիները պահպանում են իրենց անընդունելի դիրքորոշումը։ «Նրանք նախկինի պես մերժում են երկխոսության որևէ հնարավորություն», - ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ երեկո հանդիպելու է Ռուսաստան ժամանած աֆրիկյան երկրների առաջնորդների հետ՝ քննարկելու ուկրաինական խնդիրը։

Աֆրիկայի մի շարք երկրներ հանդես էին եկել ռուս-ուկրաինական կարգավորման սեփական նախաձեռնությամբ։ Սանկտ Պետերբուրգում այսօր կայացած «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովում Պուտինն ասել է, թե հարգանքով են վերաբերվում այդ նախաձեռնությանը և ուշադիր ուսումնասիրում են այն։

15:24 28.7.2023

Ճապոնիան արգելել է 1,9 լիտրից մեծ ծավալի շարժիչով նոր և օգտագործված մեքենաների, հիբրիդային և էլեկտրական մեքենաների մատակարարումը Ռուսաստան։ Այս մասին հաղորդվում է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության կայքում։

Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների ցանկին ավելացվել է մոտ 750 անուն ապրանք, այդ թվում՝ խոշոր մեքենաների անվադողեր, զբոսանավեր, լոկոմոտիվներ և գնացքներ, մետաղներ, ներկանյութեր: Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդում է, որ ցանկը կհստակեցվի մինչև օգոստոսի 2-ը։

Ըստ Kyodo-ի՝ անցյալ տարվա ապրիլին Ճապոնիան արդեն արգելել էր ավելի քան 6 մլն իեն (43 հազար դոլար) արժողությամբ նոր պրեմիում մեքենաների մատակարարումը Ռուսաստան։

2022 թվականի վերջին դեպի Ռուսաստան ճապոնական արտահանման ծավալը կրճատվել է 30 տոկոսով: Այս ցուցանիշի կեսից ավելին բաժին է ընկնում ավտոմեքենաներին, որոնց մեծ մասը նոր չեն։

15:23 28.7.2023

Այս գիշեր Մոսկվայի վրա հարձակման փորձ է արվել, Telegram-ի իր ալիքում հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը խոցվել է պաշտպանության նախարարության ուժերի կողմից։ Տուժածներ և ավերածություններ չկան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է «Մոսկվայի շրջանի օբյեկտների» վրա անօդաչու թռչող սարքի հարձակվելու փորձի մասին, և որ այն ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Թե որտեղից է հայտնվել անօդաչուն, որտեղ է խոցվել, և ինչն է եղել դրա թիրախը, չի հաղորդվում։

Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել ռուսական իշխանությունների հայտարարությունը։

21:12 27.7.2023

Ռուսաստանի նախագահն այսօր Ռուսաստան - Աֆրիկա գագաթնաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ուկրաինական զորքերը ուժեղացրել են ռազմական գործողությունները։

«Ինչ վերաբերում է վերջին օրերին, մենք իսկապես հաստատում ենք, որ ռազմական գործողությունները զգալիորեն սրվել են։ Հիմնական բախումները տեղի են ունեցել, ինչպես ասում են Արևմուտքում, հարձակման հիմնական՝ Զապորոժիեի ուղղությամբ», - ասել է Պուտինը։

Արևմտյան մի շարք հեղինակավոր մեդիաներ ավելի վաղ գրել էին ուկրաինական հակահարձակման նոր փուլի մեկնարկի մասին։ Հիմնական ուղղությունը Զապորոժիեի մարզն է, որն ապահովում է ցամաքային կապը ռուսական ուժերի և Ղրիմի միջև։

Financial Times-ը գրում է, թե Ուկրաինան փոխել է մարտավարությունը հակահարձակման սկզբում «քաոսից» հետո։ Հղում անելով իր աղբյուրներին՝ թերթը հայտնում է, որ հակահարձակման առաջին փուլում ուկրաինական բանակը ականապատ դաշտերի պատճառով կորցրել է արևմտյան սպառազինության մոտ մեկ հինգերորդը։ Այսօր Կիևը փոխել է մարտավարությունը, և դա, ըստ ուկրաինացի հրամանատարների, կարծես թե շոշափելի արդյունքներ է տալիս մարտի դաշտում։

Հարձակողական գործողությունների փոխարեն ուկրաինացի զինվորականներն անցան հրետանու զանգվածային կիրառման, ինչը թույլ է տալիս ապահովել առաջապահ խմբերի առաջխաղացումը և առանց մեծ կորուստների հասնել մարտավարական հաջողությունների։

Միևնույն ժամանակ հոդվածում նշված է, որ արևմտյան դաշնակիցների մոտ մտավախություն կա, որ ուկրաինական զինված ուժերը շատ արագ են սպառում իրենց հրետանային արկերը, և չափազանց դանդաղ ռազմական առաջխաղացումը կարող է թույլ տալ Ռուսաստանին նոր դաշտեր ակնապատել և նոր ուժեր պատրաստել։

Հարավում ուկրաինական հակահարձակման նոր փուլի մասին հայտնում են նաև Bloomberg-ի, The New York Times-ի աղբյուրները և Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը։

17:10 27.7.2023

«Ռուսաստանը կարող է լրացնել ուկրաինական հացահատիկի պակասը միջազգային շուկաներում», - այսօր Սանկտ-Պետերբուրգում՝ «Աֆրիկա-Ռուսաստան» գագաթաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր երկիրն իր վիճակի է փոխարինել ուկրաինական հացահատիկը թե՛ առևտրային և թե՛ անհատույց հիմունքներով՝ գյուղմթերք տրամադրելով առավել կարիքավոր աֆրիկյան երկրներին։ Առավել ևս, որ այս տարի մենք կրկին ռեկորդային բերք ենք ակնկալում», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։

16:06 27.7.2023

Ռուսաստանյան զինված ուժերը առաջխաղացում են արձանագրել Լուգանսկի մարզում, այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Գեներալի խոսքով՝ Ուկրաինայում գործող ռուսական բանակի «Կենտրոն» խմբավորման գրոհային ստորաբաժանումները հուլիսի 23-ից սկսած Սերգեևկա բնակավայրի մոտ 12 կիլոմետր ընդհանուր ճակատով կարողացել են հակառակորդի դիրքերի ուղղությամբ խորանալ շուրջ երեք կիլոմետրով։

Կոնաշենկովի պնդմամբ՝ ռուսական զորքերը առաջ են շարժվել նաև Կուպյանսկի ուղղությամբ՝ «առավել նպաստաավոր դիրքեր զբաղեցնելով Կուզեմովկա բնակավայրի մերձակայքում»։

16:04 27.7.2023

Պաշտոնական այցով Փհենյանում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունի հետ։

Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունն այսօր մի տեսագրություն է հեռարձակել, որտեղ երևում է, թե ինչպես է Կիմ Չեն Ունը Շոյգուին և ռուսական պատվիրակության մյուս անդամներին ծանոթացնում տեղական ռազմարդյունաբերական համալիրի կողմից արտադրված սպառազինության մի շարք նմուշների։ «Կադրում են հայտնվել հյուսիսկորեական արտադրության բալիստիկ հրթիռները և նոր անօդաչու թռչող սարքերը», - գրում Reuters-ը։

16:03 27.7.2023

Ուկրաինայի Խարկովի մարզի Կովշարովկա գյուղում կառավարվող ավիառումբի հարվածի հետևանքով մի կին է զոհվել, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

«5-հարկանի բնակելի շենքի մոտ հարված է եղել: Տունը վնասվել է, բնակարաններից մեկում պատ է փլուզվել: Վնասվել է նաև հարևան 9-հարկանի շենքը։ Ցավոք սրտի, 74-ամյա կին է մահացել», - գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Սինեգուբովի փոխանցմամբ՝ ևս չորս մարդ վիրավորվել է։

Ռազմական վարչակազմի ղեկավարը նաև հայտարարել է, որ С-300 հրթիռը խոցել է Կուպյանսկի շրջանի Բոլշոյ Բուրլուկ գյուղի ոչ-բնակելի մի շենք։ Շենքը վնասվել է, հրդեհ է բռնկվել։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG