Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավոր Տոմոկո Ականեն, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել, հետախուզման մեջ է հայտնվել։ Տեղեկությունը ՌԴ ներքին գործերի նախարարության որոնման տվյալների բազայում է։
Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Պուտինին և Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել՝ բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանման հետ կապված ռազմական հանցագործություններին մասնակցելու մեղադրանքով։
Նույն ամսին ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել Ականեի և երկու այլ դատավորների, ինչպես նաև ՄՔԴ դատախազ Քարիմ Ահմադ Խանի դեմ՝ անմեղ անձին պատասխանատվության ենթարկելու և միջազգային պաշտպանություն վայելող օտարերկրյա պետության ներկայացուցչի վրա հարձակվելու պատրաստության համար։
Խանը Ռուսաստանում հետախուզման մեջ է հայտնվել մայիսի 19-ին։
Այս գիշեր Ռուսաստանը հերթական հրթիռային հարձակումն է իրականացրել Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության և տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Ուկրաինացի զինվորականները պնդում են, որ «Կալիբր» հրթիռներն արձակվել են Սև ծովում գտնվող սուզանավից՝ ծայրահեղ ցածր բարձրության վրա։ Նավահանգստի վարչական շենքերից մեկին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 44-ամյա քաղաքացիական աշխատակիցը, հայտնել են «Հարավ» հրամանատարությունից։
Կիպերի խոսքով, բացի բեռների տերմինալին հասցված վնասներից, ոչնչացվել է նաև անվտանգության շենքը և երկու ավտոմեքենա։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերն իրենց հերթին պարզաբանում են, որ երկու «Կալիբր» հարվածել են Օդեսայի շրջանի նավահանգստին՝ դրանք չի հաջողվել խոցել։ Բացի այդ, գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակվել են 8 «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, բոլորը խոցվել են։
«Ուկրաինական հակահարձակման հիմնական փուլը մեկնարկել է», - գրում է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնական աղբյուրները։
«Սպիտակ տանը և Պենտագոնին մոտ կանգնած անանուն աղբյուրների պնդմամբ՝ Վաշինգտոնում մեծ հետաքրքրությամբ են հետևում ռազմաճակատում ուկրաինական ուժերի ակտիվության աճին։ Ուկրաինացի պաշտոնյաները մեզ տեղեկացրել են, որ այս նոր գործողությունը, հաջողության դեպքում, կարող է շարունակվել մեկից երեք շաբաթ», - իր աղբյուրները վկայակոչելով՝ գրում է The New York Times-ը։
Թերթի տեղեկություններով՝ ուկրաինական ուժերը հարձակման են անցել Զապորոժիեից հարավ ընկած շրջանում՝ Օրեխովկա բնակավայրի մերձակայքում։ Պարբերականի փոխանցմամբ՝ ուկրաինական նոր հարձակման ընթացքում պաշտոնական Կիևը թարմ ուժեր է ներգրավել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադային ներկայացրել է ռազմական դրության և համընդհանուր զորակոչի մասին օրենքների գործողությունը երկարաձգելու օրինագծերը։
Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը տեղեկացրել է, որ խորհրդարանը կերկարաձգի ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան։
Նրա փոխանցմամբ, Գերագույն ռադան արդեն ութերորդ անգամ քվեարկություն կանցկացնի այդ հարցերի շուրջ:
Ժելեզնյակը նշել է, որ ռազմական դրությունը և համընդհանուր զորակոչը, հավանաբար, կերկարաձգվեն մինչև այս տարվա նոյեմբերի 15-ը։
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հրապարակավ հայտնել է, որ 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի վրա կատարված գրոհն ուկրաինական կողմն է կատարել:
«Սա մեր իրագործումներից մեկն է, այն է՝ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի ավերումը»,- հայտարարել է Մալյուկը հատուկ ծառայությունների նվիրված հատուկ փոստային նամականիշը մարելու հանդիսավոր արարողության ժամանակ:
Այդ միջոցառումը հեռարձակել են մի շարք ուկրաինական հեռուստաընկերություններ: Մալյուկի փոխանցմամբ, ծառայությունն իրականացրել է տարբեր գործողություններ:
«Դրանցից մի քանիսի մասին կկարողանանք հրապարակավ ու բարձրաձայն խոսել հաղթանակից հետո, իսկ որոշների մասին ընդհանրապես չենք խոսի»,- ասել է Վասիլի Մալյուկը։
Բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը կայացրել է սեպտեմբերին նախատեսված Յալթայի միջազգային տնտեսական ֆորումն անորոշ ժամանակով հետաձգելու որոշում:
Այս տարվա մարտին նա հայտարարել է ֆորումը Մոսկվա տեղափոխելու մասին, նշելով, որ միջոցառմանը կմասնակցեն նաև Ռուսաստանի նոր սուբյեկտների՝ Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և և Խերսոնի ներկայացուցիչները: Այն ժամանակ նա իր որոշումը պատճառաբանել է «կազմակերպական որոշ հանգամանքներով»:
Յալթայի ֆորումն անցկացվում է 2015 թվականից: Ուկրաինան միջոցառումն ապօրինի է անվանում և օրինախախտ է համարում դրա բոլոր մասնակիցներին, քանի որ նրանք Ղրիմ մեկնելու համար Ուկրաինայի իշխանություններից թույլտվություն չեն ստացել:
Վերջին անգամ այդ միջոցառումը տեղի է ունեցել 2019 թվականին: 2020 թվականին այն չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, իսկ անցյալ տարի չի կայացել ռուս-ուկրաինական պատերազմի բռնկման պատճառով։
Ուկրաինական անօդաչուները վերջին ժամանակաշրջանում պարբերաբար հարվածներ են հասցնում Ղրիմին: Սիմֆերոպոլի օդակայանը փակ է. իսկ Կերչի նեղուցով կառուցված կամուրջը նույնպես գրոհների է ենթարկվել:
Մոսկվայի կողմից Ղրիմի ղեկավար նշանակված Ակսյովովը, հավանաբար, այդ հանգամանքները հաշվի առնելով է ընդունել Յալթայի միջազգային տնտեսական ֆորումը հետաձգելու որոշումը:
Պենտագոնը ևս 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացնում Ուկրաինային։
Այն ներառում է հավելյալ հակաօդային պաշտպանության, հրետանային զինամթերք, զրահատեխնիկա, հակատանկային զենք, ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ։
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ օգնության փաթեթում ներառված են զենքեր, որոնք արդեն առկա են ամերիկյան ռազմական պահեստներում:
Դոնեցկի Կոնստանտինովկայումհարձակման զոհերի թիվը հասել է երեքի․ 12-ամյա մի աղջիկ, որ նախորդ օրը վիրավորվել էր, հիվանդանոցում մահացել է։
Ավելի վաղ հաղորդվել էր կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած 10-ամյա տղայի մահվան մասին։
«Այսպես, կասետային արկերի հրթիռակոծության արդյունքում զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, 6 մարդ վիրավորվել է»,- ասել է Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
Ուկրաինական կողմը հաղորդել էր, որ ռուսական զորքերը «Սմերչ» հրթիռային համակարգից կրակել են ջրամբարներից մեկի ափի ուղղությամբ, որտեղ մարդիկ հանգստանում էին։
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի բնակիչներին այսօր արթնացրել է օդային տագնապի շչակը: Հուլիս ամսվա ընթացքում ռուսներն արդեն վեցերորդ անգամ են «Շահեդ» տեսակի իրանական արտադրության անօդաչուներով հարվածում Կիևին: Նախնական տվյալների համաձայն, դրանք վնասազերծվել են: Լուրջ ավերածություններ կամ բնակիչների շրջանում տուժածներ չկան:
Ուկրաինացիներն ասում են, որ հարվածել են ռուսների հրամանատարական կենտրոններից մեկին, ռուսներն էլ, իրենց հերթին, հավատացնում են, որ Դոնեցկի, Կրասնի Լիմանի, Զապորոժիեի և Խերսոնի ուղղություններում հետ են մղել ուկրաինացիների գրոհները:
Ռուսներին զայրացրել է Մոսկվայի վրա նախօրեին փոքրիկ ԱԹՍ-ներ ուղարկելու ուկրաինացիների հանդգնությունը: Դրանք մեծ վնաս չեն պատճառել, բայց բուն փաստը վերլուծաբանները Կրեմլի համար նվաստացուցիչ են համարում: Ռուսների համոզմամբ, այդ գրոհների իրական հովանավորներն արևմտյան գերտերություններն են:
Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան-Պիերն այդ առումով ասել է, որ Միացյալ Նահանգները որևէ եղանակով չի նպաստում Ռուսաստանի տարածքում հարվածներ իրականացնելու ծրագրերին:
«Մենք հստակ հայտնել ենք, որ որպես կանոն չենք աջակցում գրոհներին բուն Ռուսաստանի տարածքում: Բայց նաև շատ պարզ նկատել ենք տվել, որ Ղրիմն Ուկրաինա է։ Ռուսաստանն է սկսել պատերազմը, Ռուսաստանն էլ կարող է այն ավարտել հենց այսօր: Մենք կշարունակենք Ուկրաինային աջակցել անվտանգության գործում, ինչպես դա արել ենք անցած 15 ամիսների ընթացքում, քանի որ նրանք պայքարում են իրենց ազատության և ինքնիշխանության համար»,- ասել է Քարին Ժան-Պիեռը:
Անցած կիրակի օրն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Օդեսայի նավահանգստի ցորենի պահեստների հրթիռակոծությունն անպատասխան չի մնա: Ռուսներն արձագանքել են, թե Ղրիմի կամրջի և Մոսկվայի վրա հարձակումներին կտան պատասխաններ: Այդպես, կոնֆլիկտը շարունակում է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է Սև ծովում «Սերգեյ Կոտով» պարեկանավի վրա ուկրաինական անօդաչուների գրոհի մասին, նշելով, որ երկու ԱԹՍ-ները վնասազերծվել են:
Այդ նավը Սև ծովում մասնակցում է ուկրաինական նավահանգիստների շրջափակմանը: Վերջերս ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել նաև կապ ապահովող «Իվան Խուրս» և հետախուզական խնդիրներ լուծող «Պրիազովիե» նավերին:
Ռազմական փորձագետների համոզմամբ, այս պատերազմը դեռ երկար ժամանակ կտևի: Այդ մասին անուղղակի վկայում են զինծառայության մասին օրենքի լրամշակումները:
Հետայսու Ռուսաստանում զորակոչի ենթակա և ծանուցագիր ստացած քաղաքացիներին կարգելվի լքել Ռուսաստանի տարածքը՝ ծանուցումը հանձնելու փաստաթուղթը գրանցամատյանում մուտքագրելու օրվանից։
Մյուս լրամշակումով զինծառայության տարիքը 2024 թվականի հունվարի 1-ից կլինի 18-ից մինչև 30 տարեկան։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները հակահետևակային ականներ են հայտնաբերել ռուս զինվորականների կողմից վերահսկվող Զապորոժիեի ատոմակայանի տարածքում, ասվում է ՄԱԿ-ին կից կառույցի հայտարարությունում։
Դրանում նշվում է, որ հայտնաբերված ականները ատոմակայանի «ծայրամասում» են՝ արտաքին և ներքին պարիսպների միջև:
Կառույցը շեշտում է, որ «պայթուցիկների առկայությունը հակասում է ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշներին և լրացուցիչ հոգեբանական ճնշում է ստեղծում աշխատողների վրա»։
Կազմակերպության փորձագետների նախնական գնահատմամբ, այդ ականների պայթյունը, ամենայն հավանականության, չի ազդի էլեկտրակայանի միջուկային անվտանգության վրա։
Անցած օրերի և շաբաթների ընթացքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները, որոնք ստուգումներ են իրականացրել կայանում, ծանր զինտեխնիկա չեն հայտնաբերել։ Այնուամենայնիվ, ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, գործակալության ներկայացուցիչներին շարունակում են արգելել մուտք գործել ռեակտորների և տուրբինային սրահների տանիքներ։
Հուլիսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վկայակոչելով ուկրաինական հետախուզությունը, հայտարարել էր, որ Ռուսաստանը պայթուցիկներ է տեղադրել մի քանի էներգաբլոկների տանիքներին։ Մոսկվան հերքում է մեղադրանքները։