Ղրիմի երկնքում հակաօդային պաշտպանությունը խոցել կամ ճնշել է 11 անօդաչու թռչող սարք, սակայն զինամթերքի պահեստին «հարված է եղել», ասել է բռնակցված թերակղզու ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Որոշում է կայացվել տարհանել մոտակա գյուղերը՝ պայթյունի վայրից հինգ կիլոմետր շառավղով։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, գրել է նա իր Տելեգրամի ալիքում։
Երկաթուղու և Ջանկոյ-Սիմֆերոպոլ մայրուղու վրա երթևեկությունը դադարեցվել է։
Երկու օրվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ անօդաչու թռչող սարքը հարվածում է Ղրիմում գտնվող ռազմական պահեստի։ Շաբաթ օրը նույն Ակսյոնովը հայտնել էր, որ Կրասնոգվարդեյսկի շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել։
Այս գիշերը երկու անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Մոսկվայի վրա, հայտնել են Ռուսաստանի իշխանությունները: Նրանցից մեկը հարվածել է ՌԴ ՊՆ գլխավոր շենքի մոտ գտնվող շենքին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ իր ամենօրյա զեկույցում հայտնում է, որ այս գիշեր Ռուսաստանը հերթական հարվածն է հասցրել Ուկրաինային՝ իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։
«Այս ահաբեկչության հետևանքների մասին տեղեկատվությունը այժմ ճշտվում է», - ասվում է զեկույցում:
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել էին, որ «Շահեդ»-ները շարժվում են դեպի Օդեսա։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր Տելեգրամ ալիքում հայտնել է, որ այսօր առավոտյան քաղաքը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան փորձել է գրոհել Ռուսաստանի մայրաքաղաքը երկու անօդաչու թռչող սարքերով։
Արտակարգ ծառայությունները հայտնում են՝ նրանցից մեկն ընկել է ՌԴ պաշտպանության գերատեսչության շենքի մոտ։
Reuters-ը լուսանկարներ է հրապարակել Մոսկվայի կենտրոնից, որտեղ, ըստ ռուս պաշտոնյաների, խոցվել են երկու անօդաչու թռչող սարքերը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի՝ հուլիսի 26-ին, կհրավիրի ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը, հաղորդում է RTBF հեռուստաալիքը՝ հղում անելով դաշինքի պաշտոնական ներկայացուցչին։
Նա ասել է, որ հանդիպումը կանցկացվի դեսպանների մակարդակով, որպեսզի «խորհրդակցություններ անցկացվեն վերջին իրադարձությունների շուրջ և քննարկեն ուկրաինական հացահատիկի տեղափոխումը Սև ծովով»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել շտապ գումարել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ։ Կառույցը ստեղծվել է ավելի վաղ՝ հուլիսին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում։
Հուլիսի 23-ի գիշերը կրկին հրթիռակոծվել է ուկրաինական Օդեսան։ Պայթյունից վնասվել են Վերափոխման տաճարը, ավերվել են տներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Իշխանությունները հայտնում են մեկ զոհի, առնվազն 19 վիրավորի մասին քաղաքացիական բնակչության շրջանում։
Օդեսայում առաջին պայթյունների մասին հաղորդագրությունները ստացվել են գիշերվա մոտավորապես մեկին: Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հայտնաբերել են «Կալիբր» և «Օնիկս» տեսակի հրթիռներ Օդեսայի և Նիկոլաևի շրջանների ուղղությամբ։
Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը բնակիչներին կոչ է արել մնալ ապաստարաններում, չնկարահանել հակաօդային պաշտպանության աշխատանքները և սոցիալական ցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր չտարածել։
Ուկրաինայում զոհվել է ՌԻԱ ռուսաստանյան պետական լրատվական գործակալության ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը:
Ըստ գործակալության հաղորդագրության, լրագրողը սպանվել է «հատուկ ռազմական օպերացիայի» գոտում ուկրաինական հրետակոծության ընթացքում:
Դա տեղի է ունեցել այսօր Զապորոժիեի շրջանի Պյատիխատկա գյուղի տարածքում: Հունիսի սկզբից ի վեր այդ գյուղի համար կողմերը ծանր մարտեր են մղում:
Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, ուկրաինացիների նախաձեռնած հրթիռակոծության ընթացքում վիրավորում է ստացել նաև Ժուրավլյովի օպերատոր Կոնստանտին Միխալչևսկին:
Ռուսաստանի լրագրողների միությունը հայտնում է, որ վնասվածքներ են ստացել նաև «Իզվեստիայի» թղթակից Ռոման Պոլշակովը և օպերատոր Դմիտրի Շիկովը:
Ռուսները պնդում են, որ ուկրաինացիները կասետային զինամթերք են օգտագործել: Կիևը որևէ մեկնաբանությամբ չի արձագանքել ռուսների այդ պնդմանը:
Մոսկվայում նախօրեին ձերբակալել են ազգայնական Իգոր Գիրկինին, ով նախագահ Վլադիմիր Պուտինին հրապարակավ քննադատել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիան» ոչ արդյունավետ իրականացնելու և նպատակներին չհասնելու համար:
Գիրկինին ներկայացրել են ծայրահեղական կոչեր հնչեցնելու մեղադրանք, որով նա կարող է դատապարտվել ընդհուպ 5 տարվա ազատազրկման: Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանի վճռով նա կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 18-ը:
«Նա կարող էր երաշխավորներ ներկայացնել, մենք կարող էինք նրա լավ բնութագրերը ներկայացնել, եթե մեզ ժամանակ տրվեր: Ցավոք, դատավորը դա մերժեց։ Պայքարը շարունակելու ենք վերաքննիչ դատարանում», - ասել է Գիրկինի փաստաբան Ալեքսանդր Մոլոխովը:
Իգոր Գիրկինը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա է, հայտնի է նաև որպես Իգոր Ստրելկով:
2014 թվականին նա մասնակցել է Ղրիմը զավթելու գործողությանը, ապա կազմել է ռուսամետ զինյալների ջոկատներ, որոնք Դոնբասի տարածքում մասնակցել են ռազմական գործողություններին: Նա այնտեղ երեք ամսով հռչակվել էր Դոնբասի ինքնակոչ կազմավորման պաշտպանության նախարար:
Գիրկինին հեռակա կարգով ցմահ ազատազրկման են դատապարտել Malaysia Airlines MH17 Boeing-ը 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի օդային տարածքումն վայր գցելու համար: Այդ հանցագործության զոհ է դարձել 298 մարդ՝ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները:
Մոսկվան հայտարարել է, որ Սև ծովում Կիևի անկանխատեսելի գործողությունները կարող են սպառնալիք դառնալ քաղաքացիական նավերի համար:
Այդ մասին նախօրեին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, ով ուկրաինացիներին մեղադրել է տարածաշրջանում ահաբեկչական գրոհներ իրականացնելու համար:
«Անկանխատեսելի գործողությունները և Կիևի ռեժիմի առնչությունն ահաբեկչական քայլերին Սև ծովում վտանգ են ստեղծում: Որովհետև Կիևի ռեժիմը բացարձակ անկանխատեսելի է և ոչ մի բանից չի խորշում: Ուստի, ուկրաինացիների հայտարարությունները լուրջ վտանգ են ներկայացնում», - ասել է Պեսկովը:
Հուլիսի 19-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե դեպի Ուկրաինա շարժվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես թշնամական՝ դրանից բխող հետևանքներով:
Դրան ի պատասխան՝ Ուկրաինան հուլիսի 20-ին հայտարարել է, որ ռուսական ծովային նավահանգիստների ուղղությամբ նավարկող բոլոր նավերը կդիտարկի որպես ռազմական բեռներ տեղափոխող՝ դրանից բխող հետևանքներով:
Հարցին, թե արդյո՞ք ուկրաինական կողմի այդ հայտարարությունից հետո ռուսական նավթ և այլ ապրանքներ փոխադրող նավերը Սև ծովում վտանգի տակ են, և արդյո՞ք Ռուսաստանը կփոխի դրանց երթուղիները, Պեսկովն արձագանքել է, որ խնդիրը քննարկվում է:
«Պատկան գերատեսչությունները վերլուծում են իրավիճակը և կմշակեն հանձնարարականներ վտանգները նվազագույնի հասցնելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան ասել է, որ Օդեսայի վրա ռուսների հարձակման համար պատասխան կլինի:
«Այսօր ռուսական հրթիռները և անօդաչուները նորից հարվածել են Օդեսային և մեր հարավային շրջաններին: Միայն բացարձակ չարիքը կարող է նման բան անել: Դրան պատասխան կլինի», - ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով, հաջողության չի հասնի որևէ մեկը, ով ենթադրում է, թե Սև ծովը կարող է դարձնել ահաբեկչության և կամայական գործողությունների տարածք:
«Մենք գիտենք, թե ինչպես պետք է պաշտպանվենք, և մենք տեսնում ենք, որ աշխարհը պատրաստ է միավորվել ու ավելի ակտիվ աշխատել այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար», - ասել է Զելենսկին:
Հաջորդ շաբաթ՝ հուլիսի 25-ին, Վաշինգտոնը կհայտարարի Ուկրաինային ևս 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին:
Ենթադրվում է, որ նոր փաթեթով ուկրաինական բանակը կստանա զինամթերք և Stryker տեսակի ութանիվ զրահապատ մեքենաներ:
Բացի այդ, Պենտագոնն իր պաշարներից կհատկացնի ականազերծման սարքավորումներ, NASAMS, Patriot և HIMARS զենիթային համակարգերի զինամթերք, ինչպես նաև TOW և Javelin տեսակների հակահրասայլային համակարգերի հրթիռներ:
Հուլիսի 20-ին CNN հեռուստակայանն է հայտնել, որ Պենտագոնը մշակում է Ուկրաինային օգնության նոր փաթեթ տրամադրելու ծրագիր: