Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:12 22.7.2023

Սիմֆերոպոլից ստացված հաղորդագրության համաձայն` իշխանությունները կարգադրել են դադարեցնել Ղրիմի կամրջով երկու ուղղությամբ ավտոմեքենաների երթևեկությունը: Որոշման պատճառի մասին տեղեկություն չկա:

«Կամրջով մեքենաների երթևեկությունը ժամանակավոր դադարեցվել է, կամրջին և ստուգման գոտում գտնվողներին խնդրում ենք հանգստություն պահպանել և ենթարկվել տրանսպորտահյին անվտանգության աշխատակիցների կարգադրություններին», - ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ իշխանությունները վարորդների համար կազմել են հատուկ հուշագիր, որով նրանք պետք է առաջնորդվեն այն դեպքում, եթե Ղրիմի կամրջին տագնապ հայտարարվի:

Վարորդները, մասնավորապես, պետք է ենթարկվեն բարձրախոսներով հրապարակվող հրահանգներին, դուրս չգան մեքենաներից, սահմանված արագությամբ երթևեկեն ելքի ուղղությամբ և չտեսանկարահանեն ու համացանցում չտեղադրեն տեղի ունեցող իրադարձությունները:

23:26 21.7.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բարձրագույն հրամանատարական կազմի հետ Կիևում ունեցած հանդիպմանը հանձնարարել է համալիր գործողություններ նախապատրաստել Սև ծովով հացահատիկի արտահանումը շարունակելու համար։ Հանդիպումից հետո այս մասին Զելենսկին գրել է Տելեգրամի իր ալիքում, նշելով, որ քննարկվել են նաև ուկրաինական նավահանգիստները, եթակառուցվածքները պաշտպանելու հարցերը։

Հացահատիկի գործարքի վերականգնման անհրաժեշտության մասին կրկին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը դադարեցնելու գործողությունը կհանգեցնի ոչ միայն պարենի միջազգային գների բարձրացմանը, այլև մի շարք հետևանքների՝ սովից սկսած մինչև միգրանտների նոր ալիքի։ Դա կանխելու համար մեր նախաձեռնությունները չեն հապաղի։ Կարծում եմ՝ այդ հարցը մենք հանգամանալից կքննարկենք պարոն Պուտինի հետ և կապահովենք այդ հումանիտար շարժման շարունակությունը։ Գիտենք, որ նա որոշակի սպասելիքներ ունի արևմտյան երկրներից։ Արևմտյան պետությունները նույնպես պետք է այդ հարցով միջոցներ ձեռնարկեն»,- ասել է Էրդողանը՝ օդանավում հարցազրույց տալով իրեն ուղեկցող լրագրողներին։

23:26 21.7.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հեռավար խորհրդակցությանը Ուկրաինայի հակահարձակումը ձախողված է համարել, իսկ արևմտյան երկրների զինապահեստները՝ դատարկված։

Ուկրաինայի իշխանությունների և Արևմուտքի հասցեին նրա ավանդական սուր քննադատություններին այսօր մի նոր դետալ է ավելացել։ Պուտինի կարծիքով՝ Լեհաստանը կարող է ուղղակիորեն միջամտել հակամարտությանը՝ արևմտյան Ուկրաինայի տարածքները վերադարձնելու նպատակով, որը լեհերը համարում են իրենց պատմական հողերը։ Նրա խոսքով՝ Լեհաստանը հավակնում է նաև Բելառուսի տարածքի մի մասին, և ՌԴ ղեկավարը Լեհաստանին զգուշացրել է, որ Բելառուսի դեմ ագրեսիա սանձազերծելու պարագայում Ռուսաստանը կպատասխանի «բոլոր առկա միջոցներով»։

Այսօր Կրեմլը հաղորդեց, որ հուլիսի 23-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն հերթական անգամ այցելելու է Մոսկվա՝ քննարկելու Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը խորացնելու և միութենական պետությունում ինտեգրվելու հարցերը։

Լրատվամիջոցները, ի դեպ, հաղորդում են, որ Բելառուս տեղափոխված «Վագների» վարձկանների մի մասը տեղակայվել է Լեհաստանի սահմանի մոտ, և այնտեղ նրանք Բելառուսի զինծառայողներին մարտական պատրաստվածության դասեր են տալիս։ Վարշավային սա անհանգստացում է, նա լրացուցիչ ուժեր է մոտեցնում սահմանին։

23:24 21.7.2023

Ուկրաինական նավահանգիստները չորրորդ օրն անընդմեջ հրթիռակոծվում են ռուսական ուժերի կողմից։ Ուկրաինական կողմը սովորաբար հաղորդում էր, որ հակաօդային պաշտպանությանը հաջողվում է ոչնչնացնել հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի մեծ մասը, բայց ռուսները նավահանգիստային ենթակառուցվածքների դեմ սկսել են կիրառել «Օնիկս» տեսակի հրթիռներ, որոնց հայտնաբերլը և ոչնչացնելը դժվար է, և նրանք հասնում են թիրախներին։

Այդ հրթիռները նախատեսված են հակառակոդի ռազմածովային ուժերի նավերը ոչնչացնելու համար։ Ծովի մակերևույթից ընդամենը 10-15 մետր բարձրության վրա, դրանք մեծ արագությամբ՝ ժամում 3 հազար կիլոմետր արագությամբ սլանում են դեպի թիրախները։ Ռուսները հիմա այդ հրթիռները ուղղում են ուկրաինական ծովափնյա քաղաքների վրա, որտեղից իրականացվում էր հացահատիկի արտահանումը։ Հացահատիկի արտահանումը տասնամյակներով կատարվել է նավահանգիստներից, այնտեղ են տերմինալներ կառուցվել՝ միլիոնավոր տոննաներով հացահատիկ ամբարելու ու նավեր բեռնելու համար։ Ռուսները հիմա ոչնչացնում են այդ ենթակառուցվածքները, հրդեհի մատնում այնտեղ մնացած հացահատիկը։

Անցած գիշերվա հրթիռակոծման հետևանքով Օդեսայի տերմինալում հրդեհվել է ևս 100 տոննա ոլոռ և 20 տոննա գարի, հայտնում են տեղի իշխանությունների ներկայացուցիչները։

Մինչ այս գրոհները արտահանման համաձայնագիրը Ռուսաստանի հետ անցած տարի ձեռք էր բերվել Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ։ Համաձայնագրի իմաստը առևտրային նավերի անվտանգությունը ապահովելն էր, որ ռուսները չգրոհեն այդ նավերը, ականազերծ ծովային միջանցքներ բացվեն անվտանգ նավագնացության համար, իսկ նավերի բեռների ստուգումը, որպեսզի նրանք զենք-զինամթերք չտեղափոխեն, իրականացվում էր Թուրքիայում։ Այնտեղ կողմերի ներկայացուցիչներից համակարգող մարմին էր աշխատում։ 2022-ի հուլիսին Ստամբուլում ստորագրված այս համաձայնագիրը աշխատեց մեկ տարի։ Այս ընթացքում Ուկրաինայից դուրս է բերվել գրեթե 33 միլիոն տոննա ցորեն։ Սա մեծ նշանակություն ուներ համաշխարհային պարենային շուկայի ու հատկապես աղքատ երկրների համար, քանի որ Ուկրաինան հացահատիկի արտահանման հիմնական երկերից մեկն է աշխարհում։

Գործարքի ժամկետը ավարտվեց հուլիսի 17-ին։ Ռուսաստանը հայտարարեց, որ այն չի երկարաձգում, քանի որ ռուսական կողմի շահերը հաշվի չեն առնվել, և նույն գիշերը սկսեց հրթիռակոծել ուկրաինական նավահանգիստներ Օդեսան և Նիկոլաևը։

Հացահատիկի արտահանումը շարունակելու ուրիշ երկրների փորձերը կանխելու համար Մոսկվան հայտարարեց՝ առանց Ռուսաստանի մասնակցության այդտեղ ռիսկեր են առաջանում։ Այս մասին լրագրողներին ասել էր Կրեմլի խոսնակը։ Իսկ երկու օր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի հստակ արտահայտվեց՝ Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ նավարկող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռներ փոխադրողներ։

Մոսկվայի հայտարությանը Ուկրաինան պատասխանեց նույնատիպ հայտարարությամբ, որ ռուսական նավահանգիստներ նավարկող նավերը կդիտարկվեն ռազմական բեռ փոխադրողներ։ Կրեմլի խոսնակն, այսօր մեկնաբանելով ուկրաինական կողմի հայտարարությունը՝ ասել է, թե Կիևի անկանխատեսելի գործողությունները, ավելին՝ Կիևի առնչությունը ահաբեկչական գրծողություններին, անշուշտ, պոտենցիալ սպառնալիք են ստեղծում այդ ոլորտում։

Այսօր Ռուսաստանի Սևծովյա նավատորմի ռազմանավերը զորավարժություն են անցկացրել, որի ընթացքում մշակվել են նավագնացության համար ժամանակավորապես փակ տարածքները մեկուսացնելու, այդ տարածքներ ներխուժող նավերը կայանելու գործողություններ, ինչպես նաև հրթիռներ են արձակվել պայմանական «թիրախային նավերի» ուղղությամբ։

20:39 20.7.2023

Ռուսաստանի կրկին ուժգին ռմբակոծել է Ուկրաինայի սևծովյան քաղաքները, երրորդ գիշերն անընդմեջ՝ Օդեսան։ Կան զոհ և վիրավորներ։ Անօդաչու սարքերից մեկը խոցել է մանկապարտեզի շենքը։

«Նրանք ահաբեկիչ են, մարդ չեն։ Այստեղ մանկահասակ երեխաներ են խաղում, ինչպե՞ս կարելի է այս շենքը թիրախավորել։ Տեսեք ինչ են արել...», - պատմում է օդեսացի ականատեսը։

Ուժգին ռմբակոծության է ենթարկվել Նիկոլաև քաղաքը, որտեղ վիրավորվել են քսանից ավելի խաղաղ բնակիչնեև, այդ թվում երեխաներ։ Այս պահին հայտարարվում է մեկ զոհի մասին, ում մարմինը դուրս են բերել փլատակներից տակից։

Ուկրաինական կողմի տվյալներով, այս գիշեր երկրի հարավային շրջաններին հարվածելու համար ռուներն օգտագործել են 19 թևավոր հրթիռ և նույնքան անօդաչու թռչող սարք։

Իսկ ռուսական կողմը հաղորդում է Ղրիմին անօդաչուներով հարվածելու մասին՝ հայտարարելով, թե հարվածից Ռազդոլնոյե ավանում անչափահաս աղջիկ է մահացել։

Չդադարող զանգվածային ռմբակոծության պայմաններում ուկրաինական կողմը շարունակում է հակահարձակումը՝ գրոհելով ռուսների դիրքերը հարավում և Բախմուտի մոտակայքում։ Միևնույն ժամանակ ռուսները նույնպես փորձում են առաջ գնալ Կուպյանսկի, Լիմանի ուղղություններով։

Ուկրիաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը AFP-ին տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների ազատագրումը կլինի բարդ և երկար։

20:37 20.7.2023

«Ուկրաինան վաղվանից դեպի Սև ծովի ռուսական նավահանգիստներ շարժվող նավերը կսկսի որպես հավանական ռազմական բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցներ դիտարկել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - այսօր հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Պաշտոնական Կիևի պնդմամբ՝ այսօրվանից արդեն Սև ծովի հյուսիս-արևելյան հատվածն ու Կերչի նեղուցը նավագնացության համար փակ գոտիներ են հայտարարվում։

«Մոսկվա» հածանավի ճակատագիրը պետք է հուշի, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերը բավարար կարողություններ ունեն Սև ծովում ռուսական ագրեսիային հակազդելու համար», - նշված է Ուկրաինայի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։

21:51 19.7.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ ռուսական կործանիչները Դոնեցկի մարզում ուկրաինական «Սու-25» են խոցել, իսկ հակաօդային պաշտպանության համակարգերը Խարկովի մարզում՝ «Մի-8» ուղղաթիռ։

Նա նաև ասել է, որ անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական կողմից արձակված 18 ԱԹՍ է չեզոքացվել և HIMARS-ի 5 հրթիռ։

21:51 19.7.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «փոխադարձ համաձայնությամբ» ներկա չի գտնվի Յոհանեսբուրգում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին պաշտոնապես հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի գրասենյակի կայքը, Կրեմլը հաստատել է:

«Նախագահ Պուտինը որոշում է ընդունել BRICS-ի գագաթաժողովին մասնակցել տեսակապի ձևաչափով։ Դա լիարժեք մասնակցություն կլինի»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Օգոստոսի 22-24-ը կայանալիք գագաթնաժողովին ռուսական պատվիրակությունը գլխավորելու է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Հարավաֆրիկյան Հանրապետությունը կլիներ Պուտինի առաջին այցը նրան ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի օրդերից հետո։ Դատարանը նման վճիռ է կայացրել ուկրաինացի երեխաներին Ռուսաստան տեղափոխելու համար։

ՀԱՀ-ը Հռոմի ստատուտը ստորագրած երկրներից է և պարտավոր է կատարել Միջազգային քրեական դատարանի որոշումները։

15:29 19.7.2023

Ռուսաստանի Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն ասել է, որ անցած գիշերը ուկրաինական կողմից ավելի քան 80 զինամթերք է արձակվել նահանգի վրա, այդ թվում՝ ռումբեր ու արկեր։ Նրա ասելով՝ 5 մարդ է վիրավորվել, վնասվել են սեփական տներ և էլեկտրամատակարարման գծեր։

Կիևը հերքում է Ռուսաստանի տարածքը հրետակոծելու լուրերը։

15:18 19.7.2023

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում մտահոգություն է հայտնել Սև ծովով հացահատիկի արտահանումը դադարեցնելու Ռուսաստանի որոշման կապակցությամբ։ «Ամբողջ աշխարհում դա սպառնում է խոցելի երկրների պարենային անվտանգությանը»,- հայտարարել է նա։

Ուրսուլա ֆան դեր Լայենն ասել է, որ Եվրամիությունը կշարունակի աշխատել՝ բոլոր միջոցներով ապահովելու խոցելի խմբերի պարենային կարիքները, կշարունակի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը միջազգային շուկաներ «համերաշխության գոտիներով»։

«Բայց կարևոր է, որ Սև ծովի բլոկադան դադարեցվի և Սև ծովով արտահանումը շարունակվի», - ընդգծել է նա։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG