«Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ և թե՛ ԵՄ անդամ»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Օվերչուկը՝ կրկին անդրադառնալով Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքին:
«Դա կնշանակի, որ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում կհայտնվեն ապրանքներ, որոնք չեն համապատասխանում մեր պահանջներին։ Այս հարցը մենք ներառել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի օրակարգում», - նշել է Օվերչուկը։
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ ինքը պատրաստվում է այս խնդրի վերաբերյալ նամակ գրել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
«Ես տեղեկացնելու եմ նրան, որ այս գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին, և մենք քննարկելու ենք համապատասխան միջոցներ կիրառելու հարցը», - նշել է Օվերչուկը։
Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։
Մոսկվան ասում է, թե «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը նշանակում է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկ»՝ զգուշացնելով՝ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը