Իրավապահները վաղ առավոտյան էին մտել Շիրակի առաջնորդարան՝ քննչական գործողություններ իրականացնելու, թեև թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այնտեղ չէր: Առաջնորդարանի մուտքը փակ էր՝ իրավապահների խիստ հսկողության տակ: Քննչական գործողություններին թույլ չտվեցին ներկա գտնվել անգամ փաստաբան Թամար Յայլոյանին:
Առաջնորդարանի դիմաց մարդկանց թվի ավելացմանը զուգահեռ ավելանում էր նաև ոստիկանների թիվը: Իրավիճակը երբեմն - երբեմն լարվում էր:
Տարածքից բերման ենթարկեցին ակտիվիստ Մհեր Խաչատրյանին, ով ուղիղ եթերում պատում էր, թե ինչ է տեղի ունենում առաջնորդարանում: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ոսկանյանն անձամբ Խաչատրյանին ոստիկանական մեքենա նստեցրեց: Այդ պահին իրավիճակը բավականին լարվեց:
Ժամը 15-ի սահմաններում Մհեր Խաչատրյանին ազատ են արձակել: Վերջինս «Ազատությանը» փոխանցեց, որ որևէ վարույթ իր նկատմամբ չի հարուցվել համենայնդեպս իրեն հայտնի չէ: Իրավապահների գործողությանը զուգահեռ առաջնորդարանի դիմաց գտնվող Սուրբ Յոթվերք եկեղեցու զանգերը սկսեցին պարբերաբար ղողանջել:
2 ժամ անց իրավապահները ավարտելով քննչական գործողությունները շատ արագ ոստիկանական հսկողությամբ նստեցին մեքենաները և հեռացան:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանից հետաքրքրվեցինք՝ տեսա՞վ, թե ինչ էին առգրավել իրավապահները:
«Ոնց որ թղթապանակներ էին, բայց թե ինչ էր մեջը, տեղեկություն չունեմ», - պատասխանեց Մելքոնյանը:
Քննչական գործողությունների ավարտից հետո հնարավորություն ունեցանք ներս մտնել առաջնորդարան: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աշխատասենյակը փակ էր: Ավելի ուշ Արտաշես սարկավագ Աջապահյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, որ կեցարանի դուռը կոտրելով են ներս մտել:
Իրավապահները Շիրակի թեմի առաջնորդին մեղադրում են իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար, որ արվել է զանգվածային լրատվամիջոցներով: Մինչ այս պահը, սակայն, չեն հստակեցրել՝ սրբազանի որ կամ ինչ վաղեմության հայտարարություն են հիմք ընդունել՝ գործի հարուցման համար: Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատապարտել են Գյումրիի ավագանու 4 խմբակցությունները՝ այն որակելով մտահոգիչ ու անթույլատրելի:
«Այն, ինչ տեղի է ունենում մեր Հայրենիքում Հայաստանյաց սուրբ առաքելական եկեղեցու, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շուրջ, չունի արդարացում: Այս ամենը քաղաքական հետապնդում է, հալածանք է մեր եկեղեցու, ազգային արժեքների, հոգևոր հայրերի դիրքորոշումների, կարծիքների նկատմամբ, որը, ցավոք, ծրագրված, խիստ դատապարտելի, ոչ պետական վարքագծի դրսեվորում», - նշված է հայտարարությունում, որին չի միացել միայն Գյումրիի ավագանիում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիրը»:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը արդեն 24 տարի է ղեկավարում է Շիրակի թեմը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միքայել արքեպիսկոպոսը ձերբակալված է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան