Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հինգշաբթի հայտարարել է, որ ԵՄ-ն ստացել է «ԱՄՆ-ի վերջին փաստաթուղթը»՝ մաքսատուրքերի շուրջ հետագա բանակցությունների համար, սակայն չի ներկայացրել Վաշինգտոնի պահանջների մանրամասները։
«Բոլոր տարբերակները շարունակում են մնալ քննարկման սեղանին», - լրագրողներին ասել է նա, - «Այսօրվա մեր ուղերձը հստակ է՝ մենք պատրաստ ենք գործարքի։ Միևնույն ժամանակ, մենք պատրաստվում ենք այն տարբերակին, որ գոհացուցիչ համաձայնության հասնել չհաջողվի»։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն «կպաշտպանի եվրոպական շահերը՝ ըստ անհրաժեշտության»։
Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մի շարք բանակցություններ են վարել, սակայն Թրամփի վարչակազմի ուշադրությունը կենտրոնացած էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված հակամարտության և Չինաստանի հետ առևտրային հրադադարի պահպանման վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ն է որպես վերջնաժամկետ սահմանել, որպեսզի ԵՄ-ն և այլ երկրներ ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերը նվազեցնելու գործարքի հասնեն։
Թրամփի կողմից ապրիլին հայտարարված «փոխադարձ» մաքսատուրքերի ծրագրի համաձայն՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ ժամանակավոր 10 տոկոս հավելյալ մաքսատուրքը կկրկնապատկվի՝ դառնալով 20 տոկոս, եթե մինչև այդ ժամկետը որևէ համաձայնություն չկայանա։