Ավինյանը զգուշացնում է՝ անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է

Անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է. այս հայտարարությամբ արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հերթական հանձնարարականի զեկուցմանը:

«Հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որպեսզի հետո նաև այդ մեծ բողոքները չլինեն՝ բա ինչի՞ էսպես եղավ, օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը Ազգային ժողովում, որով արդեն նախատեսվում է հստակ տուգանք տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու, չվավերականացնելու համար», - ասաց քաղաքապետը:

Տիգրան Ավինյանը խոսում էր տուգանքների օրենսդրական նախաձեռնության մասին: Հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը բոյկոտող քաղաքացիներին տուգանելու համար իշխանությունները 3 օրենքում փոփոխություն և լրացում են առաջարկում: Նախագիծը խնդրահարույց էր նաև Ազգային ժողովի համար, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի»: Սակայն այն օրակարգ մտավ, կառավարող մեծամասնության ձայներով դրական եզրակացություն ստացավ, բայց լիագումար նիստերում չքննարկվեց:

Ըստ ԱԺ-ի պաշտոնական վարկածի՝ նախագծի հիմնական զեկուցողի չներկայանալու պատճառով քննարկումը 2 ամսով հետաձգվեց: Նախագիծն օրենսդիր մարմնին ներկայացնող Տարածքային կառավարման նախարարությունից, սակայն, ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էին՝ զեկուցող փոխնախարարը չի ներկայացրել, քանի որ նախագիծը լրամշակման կարիք ուներ, ի՞նչ փոփոխությունների մասին էր խոսքը, նախարարությունը չէր հստակեցրել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինչև 15 հազար դրամ տուգանք՝ տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար. ԱԺ-ն կքննարկի նախագիծը

«Նշված նախագծով նախատեսված է, որ քաղաքապետի որոշմամբ է սահմանվում այն աշխատանքային ստորաբաժանումը, որը իրավասու է լինելու համապատասխան վարչարարություն իրականացնել: Փաթեթի ընդունումից հետո արդեն համապատասխան որոշմամբ կարող է պարտականություն դրվել՝ հասարակական կարգի պահպանության ծառայության վրա», - ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Նախագիծը քննարկվելու է վաղը մեկնարկող խորհրդարանի արտահերթ նիստում՝ 24-ժամյա ռեժիմով, այսինքն՝ արագացրած կարգով: Քաղաքային իշխանությունն առաջարկում է՝ ուղևորին տուգանել, եթե մեկ րոպե ընթացքում չվավերացնի իր տոմսը: Եթե քաղաքացին օգտվում է զեղչված կամ անվճար տոմսից, սակայն չի վավերացնում այն տրանսպորտի մեջ, կտուգանվի 3000 դրամով, եթե տոմս էլ չունի ու չի վճարել, 10 հազար դրամով, ավելի խիստ է տուգանքը, եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլ մարդ երթևեկի՝ 15 հազար դրամ կտուգանվի:

Գերծանրաբեռնված տրանսպորտում ինչպե՞ս վճարել կամ եթե տեխնիկական խնդրի պատճառով չես կարողացել վճարել, բանկային քարտով ես վճարել, ինչպե՞ս ստուգել, այս հարեցի մասին քաղաքապետ Ավինյանի թիմի ներկայացրած նախագծում բառ չկա: Առաջարկվող միակ լուծումը դեռևս ավտոբուսներում առնվազն 2 վալիդատոր ունենալն է:

Տիգրան Ավինյանը նախորդ նիստին հայտարարել է, որ օգոստոսի չի լինելու տոմսային թղթե տարբերակը նաև: Այս ամենին զուգահեռ, սակայն, հենց քաղաքապետարանի պաշտոնական թվերով նախորդ շաբաթ մայրաքաղաքի տրանսպորտը սպասարկվել է 280 շարժակազմով պակաս, խոստացված նոր 250 էլեկտրական ավտոբուսների գնման գործընթացը տեղից չի շարժվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի տրանսպորտի շարժակազմի խնդիրն այս տարի չի լուծվի, թերհավաքագրումներ են

Ու մինչ Երևանի քաղաքային իշխանությունը պատրաստվում է տուգանքների կիրառմանը, հանրային տրանսպորտով երթևեկողները շարունակում են դժգոհել և՛ տրանսպորտի գերծանրաբեռնվածությունից, և՛ ավտոբուսների սակավությունից: