Սերբիայում հակակառավարական ցույցն ավարտվել է բախումներով

Բելգրադի կենտրոնում ոստիկանության և հակակառավարական ցուցարարների միջև բախումների հետևանքով անցած գիշեր տասնյակ մարդիկ են վիրավորվել և ձերբակալվել։

Անկարգությունները սկսվել են արտահերթ ընտրությունների պահանջով անցկացված բողոքի ցույցից հետո, որին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։ Բախումները ճնշելու համար ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ։

Ռոյթերսը հաղորդում է, որ տասնյակ ոստիկաններ հատուկ միջոցներով պաշտպանել են կառավարական շենքերը և մոտակա այգին, որտեղ երկրի տարբեր ծայրերից հավաքվել էին նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցները։

Իշխանությունն ու ցույցի կազմակերպիչները միմյանց են մեղադրում անկարգությունների ու բախումների համար։

Սերբիայում մինչ այդ բողոքի ալիք էր բարձրացել Նովի Սադի երկաթուղային կայարանում տանիքի փլուզումից հետո, որի հետևանքով 16 մարդ էր զոհվել։ Թե այդ, թե երեկվա ցույցերը գլխավորում էին ուսանողները՝ կառավարությունից պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին։