Վարշավան մարտական ​​պատրաստության է բերել ավիացիան՝ Ուկրաինայի վրա ռուսական նոր հարձակումներից հետո

Գիշերը ռուսական զորքը տարբեր զինատեսակների կիրառմամբ լայնածավալ հարձակում է գործել Ուկրաինայի մի շարք շրջանների վրա: Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ հարվածները հասցվել են անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների միջոցով: Երկրի ողջ տարածքում օդային հարձակման տագնապ է հայտարարվել:

Պայթյուններ են որոտացել Կրեմենչուկում, Նիկոլաևում, Լվովում, Զապորոժիեում, Պոլտավայում և այլ քաղաքներում։ Չերկասիի շրջանի Սմիլա քաղաքում, տեղական իշխանությունների տվյալներով, հրթիռի և անօդաչուի հարվածից վեց մարդ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա։ Վնասվել է երեք բազմահարկ բնակելի շենք և մեկ ուսհաստատություն։ Խերսոնում անօդաչուն հարվածել է միկրոավտոբուսի, վիրավորվել է 66-ամյա բնակիչ։

Պոլտավայում հարձակման է ենթարկվել Կրեմենչուգի շրջանի ձեռնարկություններից մեկը, հրդեհ է բռնկվել։ Եվս մեկ ձեռնարկություն հարձակման է ենթարկվել Զապորոժիեում. զոհեր, տուժածներ չկան։

Լվովի մարզում, որը երկար ժամանակ հարձակման չէր ենթարկվել, ռուսական զինուժի թիրախում եղել են կարևոր ենթակառուցվածքներ։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր կամ վիրավորներ չկան։

Ռուսական զորքի գործողությունների ֆոնին լեհական ռազմական ավիացիան մարտական պատրաստության է բերվել։ Լեհ զինվորականները բացատրել են, որ դրա նպատակն է ապահովել սպառնալիքի տակ գտնվող տարածքին հարակից բնակավայրերի անվտանգությունը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ այս հարձակումից առաջ՝ երեկ, ռուսական զինուժը մեկ օրում 20 անգամ գրոհ է նախաձեռնել Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի ուղղությամբ, որը ռազմավարական նշանակություն ունի․ այդտեղով են անցնում կարևոր ճանապարհներ և երկաթուղային գծեր։ Ռուսական իշխանամետ Telegram ալիքները ևս տեղեկացնում են Պոկրովսկի մոտակայքում տեղի ունեցած «կատաղի» մարտերի մասին։

Ուկրաինական զինուժը ևս անօդաչուներով հարվածել է ռուսական քաղաքներին, Կուրսկում կա մեկ վիրավոր։ Ռուսական հինգ քաղաքի, այդ թվում՝ Վոլգոգրադի օդանավակայանները ժամանակավորապես փակվել են։

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչուները հարվածել են օկուպացված Ղրիմի Կիրովսկե ռազմական օդանավակայանին, ոչնչացվել է ռուսական երեք հարձակողական ուղղաթիռ, մեկ զենիթային հրթիռային համակարգ։