Դատավոր Մասիս Մելքոնյանը որոշեց երկու ամսով կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
«Ընդ որում սահմանափակել են նաև շփումները, բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների»,- «Ազատությանը» հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Որոշումը բողոքարկելու համար պաշտպանական թիմը տասն օր ժամանակ ունի. - «Երբ կտան որոշման ամբողջական տարբերակը, կբողոքարկենք»:
Ըստ փաստաբանի նախնական տեղեկության՝ սրբազանը կալանքը կկրի Նուբարաշենի բանտում:
Փաստաբանները դատարանի որոշումը «բացահայտ ապօրինի» են որակում: Արա Զոհրաբյանն ասաց՝ սրբազանը «պատրաստ էր այդ որոշմանը»:
Քննչական կոմիտեն Շիրակի թեմի առաջնորդին մեղադրում է զանգվածային լրատվամիջոցներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով՝ 2024 թվականին հրապարակված մի հարցազրույցի հետքերով: Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի 8:30-ին