ԱԱԾ-ն և ոստիկանությունը որոշել են դուրս գալ Մայր Աթոռի տարածքից

Հայաստան ԱԱԾ-ն և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից:

«Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից», - ասված է ԱԱԾ հայտարարությունում։

ԱԱԾ-ը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը:

Ազգային անվտանգության ծառայությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ է անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։

«ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել օրենքով սահմանված իր գործառույթները՝ ապահովելով հանրային կարգի և անվտանգության պահպանումը։ Իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելու դեպքերը կարժանանան իրավական գնահատականի», - նշված է հաղորդագրությունում։

Աջապահյանի փաստաբանը պնդել է՝ սրբազանը պատրաստ է եղել ներկայանալ, բայց մինչ օրս իրավապահ մարմինները որևէ կոնտակտ չեն ունեցել՝ ո՛չ զանգով, ո՛չ ծանուցագրով չեն հրավիրել հարցաքննության:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ միացում)