Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է Հայաստանի տնտեսական իրավիճակից․ մայիսին բավականին լավ ցուցանիշներ ունենք, կառավարության նիստին հայտարարեց նա։ Նման արդյունքները, ըստ Փաշինյանի, պայմանավորված են բարեփոխումներով, հայեցակարգային մոտեցումներով և վկայում են՝ տնտեսությունը ճկուն է արձագանքում իրադարձություններին։
«Ինչն, իմ կարծիքով, ամենակարևոր արձանագրումը կարող է լինել, եթե, իհարկե, հետազոտական մակարդակում կարողանանք վերահաստատել, որ այս ընկալումը ճիշտ է», - ասաց նա։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելացրեց, որ այս տարվա մայիսին 10.4 տոկոսով տնտեսական ակտիվությունը աճել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած։ Աճի հիմքում շինարարությունն և ծառայություններն են: Պապոյանն ընդգծեց, թե սա տնտեսության իրական հատվածի աճի ցուցանիշ է։ Թեև արդյունաբերության ոլորտում 5.5 տոկոսով կրճատում կա, միևնույն է՝ Պապոյանը դրականը նկատեց։
Հունվար-մայիսին արձանագրվել է 5.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ, արձանագրեց Փաշինյանը։ Կառավարության ղեկավարը «բացարձակ ռեկորդ» որակեց աշխատատեղերի թվի աճը. «ՀՀ-ում աշխատավարձով ապահովված 790 հազար 320 աշխատատեղ է գրանցվել, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 242 հազար 331-ով կամ 44 տոկոսով։ Այսինքն՝ 2018 թվականի մայիսի համեմատ 242 հազար աշխատատեղ է ստեղծվել ՀՀ-ում։ Աշխատավարձային ֆոնդն աճել է՝ ավելի է 2018 թվականի մայիսի համեմատ 146 մլրդ դրամով կամ 151 տոկոսով, այսինքն՝ աշխատավարձի ֆոնդը 2.5 անգամ աճել է»։
Կառավարությունը շեշտում է, որ 2018-ի մայիսի համեմատ եկամտային հարկի մուտքերը կրկնապատկվել են՝ չնայած դրույքաչափի նվազեցմանը։
Սակայն այս թվերն առանց համատեքստի կարող են մոլորեցնող լինել, ասում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Ցուցանիշները Ավետիսյանը մանիպուլյատիվ որակեց։
Պատգամավորը շեշտեց՝ իշխանությունը յուրացնում է ցանկացած հաջողություն, իսկ խնդիրների պատասխանատվությունը՝ մղում երրորդ պլան՝ մեղավորներ ու պատրվակներ հորինելով։ Հիշեցրեց, որ քովիդի համավարակի ժամանակ Հայաստանը տարածաշրջանում տնտեսական անկման հակառեկորդ էր սահմանել, իսկ հետագայում՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, դրական միտումները իշխանությունները փորձեցին լիովին իրենց վերագրել։
«Իրական հատվածը տնտեսության՝ գյուղատնտեսությունը, Դուք վկայակոչեցիք արդյունաբերությունը, նույնիսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտը արդեն՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով, գտնվում են էական դժվարությունների մեջ։ Անցած տարվա արդյունաբերական ոլորտի փոքր-ինչ աճը բացարձակ այդ ոլորտի հետ կապ չուներ, ավելի շատ նկարված էր, որովհետև ոսկու ֆենոմենն էր, ոսկու, որ արտահանում է ռուսական ոսկու և թանկարժեք քարերի, այստեղ ճարպկորեն որոշ օլիգարխներ օգտվեցին», - ասաց Ավետիսյանը։
Արդյունաբերությունը՝ որպես տնտեսության ողնաշարային ոլորտ, թույլ զարգացում ունի, ընդգծեց մասնագիտությամբ տնտեսագետ Ավետիսյանը, իսկ գյուղատնտեսությունը ազատ անկման մեջ է։ Տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսություններ կանգնած են անլուծելի խնդիրների առաջ, ասաց նա, սակայն իշխանության խոստացված ծրագրերն ու ապահովագրությունները մնում են թղթի վրա։ Իրավիճակն աղետալի է, իսկ լուծումների մասին խոստումները՝ կրկնվող և անարդյունք, հավելեց պատգամավորը:
«Իսկ տնտեսական ակտիվությունը նորից մանիպուլացնում են՝ վերցրել են մայիսն ու մայիսի հետ են համեմատում, բայց ինչը չեն ասում, որ հունվար-մայիսը, ըստ էության, գրեթե 2 անգամ տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի պակաս է՝ նախորդ 2 տարիների բարձր աճի հետ համեմատ։ Երբ որ խոսում են աշխատավարձերից, այստեղ մանիպուլյացիան հետևյալն է՝ ինչ ձևով են հաշվարկում այդ միջին աշխատավարձը, որովհետև իրականում միջին աշխատավարձի այսպիսի թռիչքաձև աճը տնտեսական մնացած առնչվող ցուցանիշներով չի բացատրվում», - հավելեց նա։
Ավետիսյանը նկատեց՝ իշխանությունն առանձնացնում է միջին աշխատավարձի աճը՝ չխոսելով գնաճի իրական ծավալներից։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները էապես բարձրացել են, ինչը քաղաքացիների իրական եկամուտների հետ, ըստ պատգամավորի, համարժեք չէ. «Նվազագույն աշխատավարձը չի աճել արդեն 2 տարուց ավելի, իսկ նվազագույն աշխատավարձ ստանում են աշխատող աղքատները, իսկ այս գնաճի ֆոնին, փաստորեն, աշխատող աղքատի սոցիալական վիճակը ավելի է վատանում»։
«Կյանքը 50 տոկոսի համար լավացել է» վարչապետի հայտարարությունը Ավետիսյանն իրականությունից կտրված որակեց ու հայտարարեց՝ բնակչության առնվազն 40 տոկոսը, որը ապրում է կենսաթոշակով կամ սոցիալական նպաստներով, իրականում որևէ բարելավում չի զգում նույնիսկ տնտեսական աճի պայմաններում։ Այս խմբի եկամուտներն անվանական չեն աճել, իսկ գնաճի պատճառով նրանց գնողունակությունը միայն նվազել է։ Ներկայացվող «բարեկեցության պատկերը», ըստ Թադևոս Ավետիսյանի, պարզապես քողարկում է խորացող սոցիալական բևեռացումը։