Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տասն օր առաջ ազատված Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի փոխարեն այսօր նրա տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին նշանակեց այս պաշտոնում:
Անցած տասն օրերին, երբ իրավապահները խուզարկություններ իրականացրին, 15 մարդու կալանավորեցին ու պաշտոնապես հայտարարեցին, թե հեղաշրջման փորձ են կանխել, Անդրանիկ Սիմոնյանը փոխարինում էր պաշտոնից ազատված Արմեն Աբազյանին: Ընդ որում, երկու օր առաջ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն հայտնեց իրավապահների, այդ թվում Անդրանիկ Սիմոնյանի ղեկավարած ԱԱԾ-ից՝ նշելով, թե իմաստ ունի «առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնել պետական պարգևի»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը շեշտում է վարչապետի գոհունակությունն ու կասկած հայտնում՝ արդյո՞ք հասարակությունը նույնքան գոհ է այն ամենից, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին:
«Ի սկզբանե, հատկապես հեղափոխությունից հետո և մինչ օրս, մենք գտնում ենք, որ պետք է իրականացվի վեթինգ համակարգում՝ զտում, որովհետև, ըստ էության, ԱԱԾ կադրային բանկը նույնն է մնացել», - ասում է Արթուր Սաքունցը:
10 օր առաջ վարչապետն Աբազյանի պաշտոնանկությունից խոսելիս պատճառաբանել էր, թե նա հոգնել է՝ արժանի է, որ մի քիչ հանգստանա:
Արթուր Սաքունցը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ ԱԱԾ պաշտոնյաներից միայն Աբազյանն էր հոգնել ու հանգստանալու կարիք ուներ: «Ինքը երբ որ ինչ-որ մի անձի, այդ թվում հիշենք Վանեցյանին, որը նույն համակարգի երկարատև ծառայող էր, նշանակում է այդ պաշտոնին, այնուհետև դժգոհ է լինում, հետո, ասենք, Աբազյանին է նշանակում, հետո ասում է, որ հոգնել է: Եթե Աբազյանը հոգնած է եղել երկար ժամանակ, ապա վերջին հաշվով նրա տեղակալը նաև հենց նոր նշանակված է: Այսինքն, ո՞նց է լինում, որ մենակ պետն է հոգնում, բայց տեղակալը չի հոգնում: Եթե համատեղ են, կամ համակարգը աշխատում է, պետք է երկուսն էլ հոգնած լինեն, չէ՞», - նշում է իրավապաշտպանը:
ԱԱԾ նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն իր աշխատանքային պատմությունը ոստիկանությունից է սկսել, հետո դատախազությունում գործի անցել: Հեղափոխությունից հետո նախ դատավոր է նշանակվել Լոռիում, ապա՝ 2021-ին մի քանի օրով Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնն զբաղեցնելուց հետո, նշանակվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Մինչ օրս այս պաշտոնում էր: 2023-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ ու գեներալ-մայորի զինվորական կոչում է ստացել: ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արմեն Աբազյանի ենթակայությամբ աշխատել է 4 տարի:
Արթուր Սաքունցն ասում է՝ արդյո՞ք այս նոր նշանակումով կբարեփոխվի համակարգը, կվերանան այն բոլոր խնդիրները, որոնք բազմիցս բարձրաձայնում են իրավապաշտպանները:
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անցած օրերին Ոստիկանության բաժիններ իրականացված արագ արձագանքման այցերի արդյունքներն էր հրապարակել ու մտահոգություն հայտնել, որ ձերբակալված անձանց թվում եղել են նաև անչափահասներ։
Սաքունցն ասում է՝ արդյո՞ք սա չի նշանակում, որ հեղափոխությունից հետո արված նշանակումներն անարդյունավետ են եղել ու ոչ մի բարեփոխման էլ իրավապահ համակարգը չի գնացել:
«Այս հատային, հատվածային մոտեցումները՝ ըստ իրավիճակի լուծումների ճանապարհը, մեզ մոտ էնպիսի տպավորություն է թողնում, որ գործողություն կատարել կամ այդ փոփոխություններով ընդամենը պահային ինչ-որ խնդիրներ լուծելու համար են», - ասում է իրավապաշտպանն ու շեշտում, որ «իրավիճակային մոտեցումները երկարաժամկետ լուծումներ չեն կարող դառնալ»:
35-ամյա Անդրանիկ Սիմոնյանը Փաշինյանի յոթնամյա իշխանության օրոք վեցերորդ ԱԱԾ տնօրենն է: