Մատչելիության հղումներ

«Բերքը փչանում է, տանող չկա». արմավիրցիները միայն վնասներ են հաշվում


«5 հեկտարանոց այգուս ծառերն առատ բերք են տվել, բայց կարկուտի հետքերով՝ ծակծկված ու վնասված: Այդ ծիրանը ո՞նց վաճառեմ, որ ապրեմ», - դառնանում է Արաբո Փիլոյանը, որն արդեն երկրորդ տարին է բախվում նույն խնդրին:

Փիլոյանն ասում է՝ եթե այգուց մի քանի քայլ այն կողմ տեղադրված կարկտակայանը ժամանակին աշխատեր ու կարկտաբեր ամպերը ցրեր, իր ընտանիքը կրկին միլիոնների վնասի տակ չէր ընկնի:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օրերս հայտարարել էր՝ 1 օրում 96 բեռնատար ծիրան է Հայաստանից արտահանվել, հունիսի 1-ից մինչև 24-ը՝ ծիրանով բեռնված 598 մեքենա է հատել Ռուսաստանի մաքսային սահմանը։

Արաբո Փիլոյանն ասում է՝ գուցե իր բերքն էլ լիներ այդ արտահանվոնղների շարքում կամ գոնե տեղական գործարանները կգնեին, եթե երկու տարի շարունակ հնչեցրած բողոքները տեղ հասնեին, այգուց մի քանի քայլ այն կողմ տեղադրված կարկտակայանը նորոգվեր, պետությունից վնասի փոխհատուցում ստանար կամ որևէ այլ աջակցություն: Փիլոյանը լսել է՝ այն համայնքներ, որտեղ նախարարն այցելել է, հետո թղթեր են պահանջել, որ կարկուտի վնասը հաշվեն, նեղսրտած է՝ այսքան ահազանգում է, ինչո՞ւ իրենց և հարևան այգիներ էլ չի այցելում նախարարը:

5 հեկատրանոց այգին բանկում գրավադրելու դեպքում էլ ընտանիքին չի հաջողվում բավարար գումարի վարկ վերցնել, որ այգու խնամքով զբաղվեն, նախորդ տարիների վարկերը մուծեն, ապրեն: Պարտքերի մեջ խճճված ընտանիքը նախորդ տարի 6 միլիոն դրամի ներդրում է արել, այս տարի 5՝ բայց շուրջ 70 տոննա առողջ բերքի հույսն ամեն տարի մարում ու մարում է: Եթե նախորդ տարի կարողացել են 1 կգ-ն 40 դրամով վաճառել, ապա այս տարի 30-ով մի կերպ են համոզում գնորդին, ծիրանի զգալի մասն էլ գետին է մնում՝ տանող չկա:

Պաշտոնյաները գյուղացիներին խորհուրդ են տալիս այգիները կարկուտից պաշտպանել ցանցերով կամ ապահովագրել: Արաբո Փիլոյանն ասում է՝ վարկերը, ջրի վճարները, աշխատավարձերը, հողի հարկն ու մյուս ծախսերը թույլ չեն տալիս նման ծախսեր անել: 2018-ից հետո փորձել է ապահովագրել այգին, բայց դժգոհ է, ասաց՝ դա էլ չարդարացված ծախս է:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ կարկուտի հասցրած վնասների փոխհատուցում դեռևս չի տրամադրվել, քանի որ տվյալները դեռ ամբողջացվում են։ Ասացին՝ որոշում կկայացվի ամփոփումից հետո, սակայն ժամկետներ չեն նշվում։ Արմավիրցի ծիրանագործ Արաբո Փիլոյանը նշում է, որ իր ընտանիքը նախորդ տարի էլ որևէ աջակցություն չի ստացել, այս տարի նույնպես հույս չունեն:

Բայց ընդգծում է՝ գյուղացին միայնակ չի կարող դիմակայել բնության հարվածներին, իսկ ֆինանսական բեռը գնալով ավելի է ծանրանում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG