Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ցանկանում է շուտափույթ կերպով ավարտին հասցնել Գազայում ծավալվող ռազմական գործողությունները, ինչը հնարավորություն կտա Թել-Ավիվի և արաբական մի շարք պետությունների միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների նոր փուլ կազմակերպել։ Այս մասին հաղորդում է Israyel Hayom թերթը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։
Պարբերականի տեղեկություններով՝ Գազայում ճգնաժամի կարգավորման ամերիկյան պլանի համաձայն իշխանությունն այստեղ ԵՄ և ԱՄՆ կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» խմբավորումից անցնելու է արաբական չորս պետությունների, այդ թվում՝ Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից ձևավորված վարչակազմին։
Կարգավորման պլանի մեկ այլ դրույթի համաձայն՝ 2023-ին գերեվարված իսրայելցի պատանդները պետք է ազատ արձակվեն, իսկ այն պաղեստինցիներին, որոնք կցանկանան հեռանալ Գազայից, նման հնարավորություն կտրվի։