Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները նախատեսում են ուրբաթ օրը Ժնևում միջուկային բանակցություններ անցկացնել Իրանի արտգործնախարարի հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով գերմանացի դիվանագիտական աղբյուրին:
Աղբյուրի համաձայն՝ նախարարները նախ կհանդիպեն Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ՝ Ժնևում Գերմանիայի հյուպատոսարանում, այնուհետև կանցկացնեն համատեղ հանդիպում Աբբաս Արաղչիի հետ։
Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են՝ արտգործնախարար Աբաս Արաղչին վաղը Ժնևում կհանդիպի եվրոպացի գործընկերների հետ։
Իսրայելի բանակը այսօր առավոտյան հաղորդել է, որ անցած գիշեր 40 կործանիչ ինքնաթիռներ ավելի քան 100 ռումբով հարձակվել են իրանական տասնյակ ռազմական օբյեկտների վրա: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ թիրախների թվում է եղել նաև Արաքի ծանր ջրի ռեակտորը:
Թեհրանը հայտարարել է, թե «ճառագայթային վտանգ չկա», և որ օբյեկտը տարհանվել էր հարձակումից առաջ:
Իրանն այսօր վաղ առավոտյան հարվածել է Իսրայելի հարավում գտնվող հիվանդանոցներից մեկին։ Կադրերում երևում է, որ շենքը գրեթե հիմնովին փլուզվել է:
Ըստ հիվանդանոցի տնօրինության՝ զոհեր կամ տուժածներ չկան։
Իրանական հարվածների թիրախում են եղել նաև Թել Ավիվի մոտակայքում գտնվող մի քանի այլ բնակելի շենքեր։ Առնվազն 40 մարդ վիրավորվել է։
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը չի կարող այլևս ողջ մնալ՝ Իսրայելի հիվանդանոցն ու բնակելի շենքերը թիրախավորելուց հետո։
«Զինվորականներին հրահանգ է տրվել, և նրանք գիտեն, որ իրենց բոլոր նպատակներին հասնելու համար այս մարդը չպետք է շարունակի գոյություն ունենալ», - ասել է Իսրայել Կացը։
Ռուսաստանի ու Չինաստանի նախագահները դատապարտել են Իսրայելին՝ Իրանին հարվածելու համար, ընդգծելով, որ պետք է գնալ լարվածության թուլացման և խնդրի դիվանագիտական լուծման, հայտնել է Կրեմլը Պուտինի և Սի Ցզինպինի միջև այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։
Տեսանյութում երևում են Իրանի հրթիռային հարձակման հետևանքները Իսրայելի հիվանդանոցի վրա:
«Ազատություն»-ն ամփոփել է Իսրայել-Իրան հակամարտության վերջին լուրերը:
Իսրայելում Իրանի հարվածների հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 240-ի, նրանցից 4-ը լուրջ վիրավորումներ է ստացել, հաղորդել է Իսրայելի առողջապահության նախարարությունը:
Իրանի պետական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Խոնդաբիի շրջանից, որտեղ՝ Արաքում, ծանր ջրային ռեակտոր կա․ տեսանյութում երևում է, որ տեղում հրդեհ է բռնկվել։ Պաշտոնյաները պնդում են, որ ռեակտորն ավելի վաղ տարհանվել է, և ճառագայթման վտանգ չկա։
Ծանր ջուրն օգնում է սառեցնել միջուկային ռեակտորները, միաժամանակ, այն նաև արտադրում է պլուտոնիում, որը կարող է օգտագործվել միջուկային զենք արտադրելու համար: