Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կիրակի երեկոյան Բելգորոդի շրջանում խոցվել է չորրորդ անօդաչու թռչող սարքը մեկ օրում։
«Բելգորոդի շրջանի տարածքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է անօդաչու թռչող սարք: Զոհեր և ավերածություններ չկան»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ըստ զինվորականների, անօդաչու թռչող սարքի նպատակը Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներն են եղել։ Երեկ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երեք անօդաչու թռչող սարք են խոցել Բելգորոդի մարզում և մեկը՝ Կուրսկի շրջանում։
Կիևում, Օդեսայում և Ուկրաինայի մի շարք շրջաններում այս գիշեր օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը գիշերը ոչնչացրել է 15 անօդաչու թռչող սարք և 8 «Կալիբր» հրթիռ, հայտնում են տեղական իշխանությունները։
Հրթիռային հարձակումից հետո Օդեսայում հրդեհներ են: Հրթիռների բեկորները վնասել են Օդեսայի կենտրոնում գտնվող հանրակացարանը, ինչպես նաև սուպերմարկետը, երեք աշխատակից տուժել է:
Ամերիկյան հեղինակավոր The New York Times թերթը արձանագրել է ուկրաինական հակահարձակման հաջողությունը առնվազն երկու ուղղությամբ։
Ուկրաինացի զինվորականները «տակտիկապես իմաստալից» առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հարավի երկու հիմնական ճակատներում, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին, ուկրաինացի պաշտոնյաներին և ռուս զինվորական բլոգերներին:
Հրատարակության տվյալներով՝ ուկրաինական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 16-ից 20 կիլոմետր տարածք Բերդյանսկի ու Մելիտոպոլի ուղղությամբ։
Պարբերականը հայտնում է, որ ուկրաինական զորքերը ամրացել են Դոնեցկի շրջանի ավերված Ստարոմայորսկոյե գյուղի տարածքում, որի ազատագրման մասին հայտնի դարձավ հուլիսի վերջին, և շարժվում են դեպի Ուրոժայնոյե գյուղ է.
Ռուսների հրետակոծության հետևանքով Խերսոնի մարզի Շիրոկայա Բալկա գյուղում զոհվել են ամուսինները, նրանց 12-ամյա տղան և 23 օրական աղջիկը։ Հարևան Ստանիսլավ գյուղում երկու տղամարդ է զոհվել, մեկ կին` վիրավորվել։
Ուկրաինայի գխավոր դատախազությունը կիրակի օրը հայտնեց, որ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում 500 երեխա է զոհվել, ևս 1097 երեխա վիրավորվել է՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ։
Դատախազությունը նշում է, որ այդ տվյալները վերջնական չեն, թվերը կարող են ավելի մեծ լինել։ Օկուպացված տարածքներում զոհվածների ինքնությունը պարզելու աշխատանքները շարունակվում են։
Այս պահի դրությամբ Ուկրաինայի 174 հազար քառակուսի կիլոմետրը պոտենցիալ վտանգավոր է ականների և չպայթած զինամթերքի պատճառով, ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ որքան շատ լինեն ականազերծող մեքենաները Ուկրաինայում, որքան շատ լինեն ականազերծող հատուկ անօդաչու սարքերը, այնքան անվտանգությունն ավելի արագ կվերականգնվի։
Ուկրաինան գործընկերների սարքավորումների կարիքն ունի, ինչպես նաև շատ կարևոր է տեղում արտադրական բազա ստեղծել, հավելել է Զելենսկին, նշելով, որ այդպես կարողանան իրենց հողերը մաքրել ռուսական ականներից:
«Եվ այդ խնդիրը պետք է լուծվի ոչ թե տասնամյակների ընթացքում, այլ տարիների»,- ընդգծել է նա:
Այսօր Կալինինգրադի մարզում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Су-30 մակնիշի ինքնաթիռ է վթարվել, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։
Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Զինված ուժերի արևմտյան ռազմական օկրուգի հրամանատարությունը՝ պնդելով, որ աղետի պատճառը կործանիչի տեխնիկական անսարքությունն էր։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, օդանավը վթարի է ենթարկվել ուսումնական թռիչք իրականացնելու ընթացքում։
Անցած գիշեր առնվազն 20 ուկրաինական հարվածային անօդաչուներ գրոհել են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի թերակղզին։
Հարձակման փաստը հաստատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ հարվածային դրոններից 14-ը ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, ևս վեցը չեզոքացվել են՝ «ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով»։
Ականատեսների վկայությամբ, այսօր վաղ առավոտյան կրկին դադարեցվել է երթևեկությունը Ղրիմի կամրջով։
Թերակղզու բնակիչներից ոմանց խոսքով՝ գիշերային ժամերին Ղրիմի մի շարք շրջաններում պայթյուններ են լսվել։
ԱՄՆ ղեկավարությունը չի բացառում, որ պատերազմն Ուկրաինայում կշարունակվի 2024 թվականին, և, դա հաշվի առնելով, վարչակազմը պատրաստ է դիմել Կոնգրեսին՝ Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրելու խնդրանքներով։
Այդ մասին օգոստոսի 11-ին ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
Նա այդպես մեկնաբանել է հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների կառավարության դիմումը Կոնգրեսին 2023-ի ֆինանսական տարում Ուկրաինային լրացուցիչ օգնություն տալու խնդրանքով:
«Մենք կարծում ենք, որ դա այն անհրաժեշտ գումարն է, որը պետք է հայցել: Մենք հաշվի ենք առնում Ուկրաինայում ներկայիս ռազմական վիճակը և այն, որ ռազմական գործողությունները դեռ կշարունակվեն, երբ մենք կթևակոխենք հաջորդ ֆինանսական տարվա առաջին եռամսյակ»,- ասել է Քիրբին։
BBC-ի ռուսական ծառայությունը և Mediazona կայքը համատեղ անցկացրած հետաքննության արդյունքում հայտնել են, որ Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմի ընթացքում կորցրել է առնվազն 30 հազար 3 զինծառայող:
Խոսքն օգոստոսի 11-ի դրությամբ անուն-ազգանուններով և հուղարկավորության կոնկրետ վայրով հաստատված զոհերի մասին է:
Մասնագետները ենթադրում են, որ կորուստների իրական թիվը, հավանաբար, 2-2.5 անգամ ավելի մեծ է:
ՌԴ պաշտպանության նախարարությունը վերջին անգամ՝ 2022 թվականի սեպտեմբերին, հայտնել է, որ պատերազմում զոհվել է 5937 մարդ։
Ուկրաինան նույնպես չի հրապարակում կորուստների վիճակագրությունը:
Այս տարվա գարնանը մամուլում հայտնվել է Պենտագոնի մասնագետներին վերագրվող մի վերլուծություն, ըստ որի, պատերազմում զոհվել է 15 հազար 500-ից 17 հազար 500, իսկ վիրավորվել է 109-113 հազար ուկրաինացի զինծառայող:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է բոլոր մազերի զինկոմիսարիատների ղեկավարներին։
«Այդ համակարգը պետք է ղեկավարեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչ է պատերազմը, և ինչու պատերազմի ժամանակ ցինիզմն ու կաշառակերությունը պետական դավաճանություն են»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։
Նրա խոսքերով՝ բանակի համալրումը պետք է վստահել պատերազմն անցած մարդկանց։
Զելենսկին այս հայտարարությամբ հանդես եկավ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հատուկ նիստից հետո, որտեղ ներկայացվել են զինկոմիսարիատներում կատարված ստուգումների արդյունքները։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ստուգումների արդյունքում 112 պաշտոնեական անձանց դեմ քրեական գործ է հարուցվել, ևս 33-ը կասկածյալ են։