Մատչելիության հղումներ

«Ֆրեսկո» միջազգային փառատոնի շրջանակներում ֆիլմեր ու համերգներ ներկայացվեցին նաև մարզերում


Երեկ երեկոյան ավարտվեց արդեն 8-րդ անգամ անցկացվող արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնը, որն օգոստոսի 14-ից-29 ընկած ժամանակահատվածում բազմաթիվ ուշագրավ ֆիլմեր, համերգներ ու հանդիպումներ ներկայացրեց մեր արվեստասեր հանրությանը թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում:

Այս փառատոնի համահիմնադիրներն են Շահեն Նազարենկոն և Աննա Կարապետյանը, ովքեր մրցութային հանձնաժողովի անդամների հետ երեկ երեկոյան ամփոփեցին փառատոնը՝ ներկայացնելով փառատոնի այս տարվա 20 մրցանակակիրներին աշխարհի ամենատարբեր երկրներից: Մրցութային ծրագրում ընդգրկված էր 41 երկրից 83 ֆիլմ, որոնք ընտրվել էին 120 երկից ստացված ավելի քան 4000 հայտերից:

Աննա Կարապետյանի խոսքով` իրենց նպատակն է մշակութային երկխոսության միջոցով տարածել համամարդկային արժեքներ. «Հատկապես հետպատերազման Հայաստանում ծրագիրն այնպես էին կազմել, որպեսզի հիմնականում լինեին մոտիվացիոն նմուշներ: Մենք սկսեցինք սահմանամերձ Բերդավանից, պատահական չէր ընտրված վայրը, այնտեղ մենք ունենք ոգևորող և հատկապես հիմա ազգային և հոգևոր արժեքները տարածելու գործում ավելի մեծ պատասխանատվություն»:

Անցյալ տարի համավարակի պատճառով փառատոնն անցկացվեց առցանց, իսկ այս տարի հնարավոր եղավ հաղթահարել համավարակի հետ կապված բարդությունները և հյուրընկալել արտասահմանյան երկրներից ժամանած բազմաթիվ հյուրերի, «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտեց փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը՝ հավելելով, որ արդեն այսօր ճանապարհում են նրանց, իսկ տարվա ընթացքում էլ «Ֆրեսկո» փառատոնն է հյուրընկալվում աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով հայկական արվեստն ու մշակույթը:

«Աշխարհում շատ կային հոգևոր փառատոններ, մեր տարածաշրջանում չկար, ուստի մենք նաև դրա կարիքն էինք զգում, որ հենց լինի հոգևոր, քանի որ Հայաստանը շատ բան ունի վերցնելու աշխարհից, նաև ներկայացնելու աշխարհին իր հոգևոր արժեքները: «Ֆրեսկո»-ն որպես թարմություն եկավ, և ինչպես որմնանկարները, տեխնիկան այնպես կարիք ունի թարմացվելու գույներով, այնպես էլ մեր հոգին կարիք ունի թարմանալու և ինչու ոչ այդ մշակույթի միջոցով, որտեղ մենք հնարավորություն ենք ստանում ֆիլմերի միջոցով և այլ մշակութային նմուշների միջոցով վերանայել մեր ներսը: Նաև մեր գլխավոր ծրագրերից են մարզային ծրագրերը, որտեղ մենք հենց վանքի պատերին ցուցադրում ենք այդ ֆիլմերը, ու կարծես նոր ֆռեսկոներ են պատին հայտնվում, և մենք կարողանում ենք հենց այդ վանքի պատերից կենդանի ֆռեսկոներ դիտել:

Շատ դժվար ժամանակներ են, բոլորս ունեցել ենք կորուստներ, և կցանականամ, որ ավելի ամրապնդվենք և շարունակենք մեր գործն ավելի պատասխանատու` ապացուցելու, որ մենք պետք է ապրենք և արարենք», - ասաց նա:

Հավելենք, որ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG